Հայաստանի ծանրորդները չեն մասնակցի դեկտեմբերի 16-18-ը Բելգորոդում կայանալիք Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ծանրամարտի գավաթի միջազգային առաջին խաղարկությունը:
Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ պատասխանատու այդ մրցաշարին մասնակցելու հրավեր են ստացել գերծանր քաշայիններ Ռուբեն Ալեքսանյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը: Սակայն Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական խորհուրդը նպատակահարմար չի գտել, որ նրանք մասնակցեն այդ խաղարկությանը, քանի որ Ալեքսանյանն ու Խուրշուդյանը Փարիզում կայացած աշխարհի առաջնության ժամանակ վնասվածք են ստացել եւ դեռեւս պատրաստ չեն բարձրանալ մրցահարթակ:
Դմիտրի Մեդվեդեւի ծանրամարտի գավաթի միջազգային առաջին խաղարկությանը անհատապես հրավիրվել են տղամարդկանց 94, 105, +105 կգ եւ կանանց 75, +75 կգ քաշային կարգերի համաշխարհային դասակարգման ցուցակում առաջատար դիրքեր զբաղեցնող ծանրորդները: Մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանում ընդգրկված այդ մրցաշարի հաղթողները գավաթից բացի, կստանան նաեւ խոշոր դրամական պարգեւավճար` 5 հազարական ԱՄՆ դոլար: Մեդվեդեւի գավաթի խաղարկությունը կլինի նաեւ Լոնդոնի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար:




























