Այսօր քաղաքգետ Սուրեն Զոլյանը մեկնաբանելով որոշ քաղաքական շրջանակների կողմից Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջը, նշել է, որ Է. Նալբանդյանը բավականին գրագետ կատարում է իրեն տրված հանձնարարականները եւ այդ տեսանկյունից հրաժարականի հիմք չկա: «Մեր սահմանադրությամբ, ամրագրված է, որ ԱԳ նախարարը կատարող է եւ մենք պետք է նախ եւ առաջ քաղաքականությունը գնահատենք: Նրա հրաժարականը կարող ենք պահանջել միայն այն դեպքում, եթե վերլուծության արդյունքում հանգենք այն եզրակացության, որ նա այդ քաղաքականությունը վատ է կատարում: Եկեք նախ որոշենք, թե ինչ հանձնարարական պետք է նա կատարի, նոր միայն տեսնենք, լավ է կատարում, թե` ոչ»,- ընդգծել է Զոլյանը:
NEWS.am-ի հարցին, թե այսինքն, կարելի՞ է ենթադրել, որ կամ պետք է պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, ով իրապես պատասխանատու է արտաքին քաղաքականության համար (եթե, իհարկե, համաձայն չեն այդ քաղաքականությանը), կամ եթե համաձայն են, ապա պետք չի պահանջել նաեւ ԱԳ նախարարի հրաժարականը, քանի որ նա լավ է կատարում իրեն տրված հանձնարարությունները, քաղաքագետն արձագանքեց. «Սկզբում եկեք քաղաքականությունը քննարկենք: Տվյալ դեպքում ես չէի ցանկանա կոնկրետանալ ոչ նախագահի, ոչ էլ ԱԳ նախարարի վրա: Այդ ամենը պարզ կլինի, եթե մենք ի վիճակի լինենք համակարգային ձեւով վերլուծել քաղաքականությունը»:



















