Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նոյեմբերի 11-ին ելույթ ունենալով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվի ժողովում, սուր քննադատության է ենթարկել Հայ հեղափոխական դաշնակցությանն ու Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին, որոնք թեեւ հանդես են գալիս հայ-թուրքական արձանագրությունների դեմ, սակայն, ըստ առաջին նախագահի, անկեղծ չեն իրենց մղումներում եւ անլուրջ պահվածք են որդեգրել: «Հայդատական ուժերի առնվազն մի մասի պահվածքն անլուրջ ու խոցելի է նաեւ պարկեշտության առումով։ Բոլորովին անհասկանալի է, օրինակ, թե ինչ իրավունքով է Դաշնակցությունը բողոքում հայ–թուրքական ներկա սահմանների դեմ, երբ ինքն է Ալեքսանդրապոլի պայմանագրով գծել այդ սահմանները։ Կամ ինչպե՞ս է Թուրքիայից պահանջում ճանաչել հայ ժողովրդի պատմական իրավունքները, երբ նույն այդ պայմանագրով հրաժարվել է Սեւրի դաշնագրից»,- նշել է Տեր-Պետրոսյանը։

Վերջինս նաեւ նկատել է, որ ասվածը հավասարապես վերաբերում է Վարդան Օսկանյանին։ «Ինչո՞ւ է, հանկարծ, նա հիշել Արեւմտահայաստանն ու հայրենի Մարաշը, երբ իր պաշտոնավարության շրջանում որեւէ կերպ չարձագանքեց Թուրքիայից հողային պահանջներ չունենալու մասին Ռոբերտ Քոչարյանի արած հայտարարությանը, չասաց, որ դա դավաճանություն է, որ դրանով ոտնահարվում են հայ ժողովրդի պատմական իրավունքները եւ այլն»,- ասել է ՀԱԿ առաջնորդն ու հավելել. «Հետեւաբար, Դաշնակցությունն ու Օսկանյանն ո՞ւմ պիտի հավատացնեն, որ իրենց այսօրվա պահվածքն անկեղծ է ու միտված չէ էժան քաղաքական դիվիդենտներ շահելուն։ Թերեւս ավելորդ չէ նշել, որ հասարակության մեծամասնության համոզմամբ, անկեղծություն չի բուրում նաեւ Դաշնակցության Հայաստանի կազմակերպության ձեւական բողոքի ցույցերից եւ հայ–թուրքական արձանագրությունների ստորագրման պատասխանատվությունը Սերժ Սարգսյանի փոխարեն Էդվարդ Նալբանդյանի ուսերին բարդելու համառ ձգտումից»։

Ի դեպ, ըստ Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի դեմ ուղղված հայդատական քննադատությունն անտեղի է նաեւ պատմական ճշմարտության տեսակետից։ «Արդարացի չէ նրա գործած բազմաթիվ մեղքերին նաեւ չգործած մեղքեր գումարել։ Սարգսյանը չէ, որ առաջինն է ճանաչել հայ–թուրքական ներկայիս սահմանը, նրանից առաջ դա արել են դաշնակցականները եւ բոլշեւիկները՝ Ալեքսանդրապոլի եւ Կարսի պայմանագրերով։ Նա չէ, որ հրաժարվել է Թուրքիայի նկատմամբ տարածքային նկրտումներից, դա արել է Ռոբերտ Քոչարյանը։ Նա չէ, որ Թուրքիայից պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ի պատասխան ստացել է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկը, այդ բանն արել են Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը։ Նա չէ, որ Ղարաբաղը դուրս է մղել կարգավորման գործընթացից, դա եղել է Քոչարյանի, Օսկանյանի եւ Արկադի Ղուկասյանի սեւ գործը։ Եւ վերջիվերջո, Սարգսյանը չէ, որ „նվաճել է“ Մադրիդյան սկզբունքները, դրանք նա ժառանգել է Քոչարյանից ու Օսկանյանից»,- նկատել է Տեր-Պետրոսյանը՝ նշելով, որ այս հարցերում Սերժ Սարգսյանը պատասխանատու է միայն այնքանով, որքանով մաս է կազմել Քոչարյանի վարչակազմին, ընդ որում «ոչ ավելի, քան վերջինիս մաս կազմած կամ նրան սատարած մնացյալ ուժերը, որոնցից ոմանք այսօր փորձում են ընդդիմություն խաղալ եւ այդկերպ խուսափել պատասխանատվությունից»։