«Հրազդան» մարզադաշտը ազգային արժեք է եւ մենք բոլորս միասին պետք է պահպանենք այն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ազգային Ժողովի պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը` մեկնաբանելով «Հրազդան» մարզադաշտի շուրջ ստեղծված իրավիճակը:
Նշենք, որ «Հրազդան» մարզադաշտի վարձակալ, Հանրապետական կուսակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը ցանկանում է մարզադաշտի տարածքում գործող տոնավաճառը քանդել, եւ տեղում կառուցել առեւտրի կենտրոն՝ այսինքն կապիտալ շինություն, ինչն անթույլատրելի է համարել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ իր տված փորձագիտական եզրակացությունում, քանի որ տոնավաճառը գործում է մարզադաշտի տարհանման գոտում: Այսինքն՝ ֆուտբոլային հանդիպումների ժամանակ այս տարածքն անհրաժեշտ է մարզասերների ժամանման եւ մեկնման համար, իսկ արտակարգ իրավիճակների դեպքում այն առավել կենսական դեր է կատարում:
Աղաբաբյանի ծրագրերի դեմ բողոքի ակցիաներ են իրականացվել, ստեղծվել են նախաձեռնություններ, որոնք պահանջում են չեղյալ հայտարարել առեւտրի կենտրոնի կառուցումը:
Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ աջակցելու է այդ նախաձեռնություններին: «Ես նրանց հետ եմ, այդ նախաձեռնող խմբի հետ, աջակցելու եմ, որքան կարող եմ ու որքան ֆեդերացիայի նախագահն եմ, որպեսզի թույլ չտանք այդ շինարարությունը»,- նշեց նա: Ֆեդերացիայի նախագահը «Հրազդան» մարզադաշտի հարցով հանրապետության նախագահի հետ չի զրուցել, սակայն հույս ունի, որ մարզադաշտը կպահպանի իր նախնական տեսքը: «Հույսը վերջում է մահանում»,- ասաց նա:
20 մետր բարձրությամբ առեւտրի կենտրոնը գտնվելու է տարհանման դաշտի հատվածում, ինչն արտակարգ պատահարների դեպքում մարդկանց անվտանգ տարհանման գործում լուրջ անհարմարություններ է առաջացնելու: Շինության կառուցմանը դեմ են անվանի ճարտարապետներ, արտակարգ իրավիճակների նախարարությունը եւս իր եզրակացության մեջ նշել է, որ նման առեւտրի կենտրոնի կառուցումն անթույլատրելի է:
«Հրազդան» մարզադաշտը խաղերի անցկացման դեպքում կարող է 50 հազար մարզասեր ընդունել, եւ նրանց տարհանման համար նախատեսված տարածքները անձեռնմխելի պետք է լինեն, եւ որեւէ նորմով չի կարելի թույլատրել այլ նպատակների համար օգտագործել դրա ցանկացած մասը:
Նշենք, որ հետխորհրդային տարածքում «Հրազդան» մարզադաշտը երրորդն է իր մեծությամբ, Մոսկվայի «Լուժնիկի»-ից եւ Կիեւի «Օլիմպիյսկի»-ից հետո: Իսկ նման մարզադաշտ կառուցելու համար այսօր անհրաժեշտ են հարյուր միլիոնավոր դոլարներ:




























