Երեւանի Փյունիկը տասը տարվա չեմպիոնությունից հետո 2011-ին ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում առաջին տեղը զիջեց Ուլիսին: Մի քանի առաջատար ֆուտբոլիստների տեղափոխությունն արտասահման անդրադարձան թիմի արդյունքների վրա: Սակայն երիտասարդացված կազմով եւս Փյունիկը գրեթե հավասար պայքար մղեց մյուսների հետ եւ նվաճեց փոխչեմպիոնի տիտղոսը: Թիմը հենվելով սեփական դպրոցի կադրերի վրա կարողացավ քաղել առավելագույն հնարավորը: Մրցաշրջանի ավարտից հետո ակումբի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանն  ու արդեն նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը տվեցին իրենց գնահատականը առաջնությունում թիմի ցուցադրած խաղին:  NEWS.am-ը զրուցեց նաեւ Փյունիկի ավագ Սարգիս Հովսեփյանի հետ:

«Այս մրցաշրջանում մենք խաղացինք բացառապես մեր կադրերով: Մրցաշրջանի ընթացքում թիմը կտրուկ փոխեց կազմը մի քանի առաջատար ֆուտբոլիստների հեռանալու պատճառով: Թեեւ Փյունիկը չկարողացավ չեմպիոն դառնալ, սակայն թիմը վատ չխաղաց: Պատանի ֆուտբոլիստները փորձ փեռք բերեցին եւ հաջորդ մրցաշրջանում մենք նրանցից արդեն ավելին ենք սպասում»,- ասում է ակումբի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը:

Վարդան Մինասյանը դեկտեմբերից 1-ից զբաղեցնում է ակումբի տեխնիկական տնօրենի պաշտոնը: Նրա գլխավոր խնդիրը լինելու է ակումբի դպրոցի, տարբեր տարիքային խմբերի թիմերի աշխատանքների համակարգումը:

«Չնայած կազմին, Փյունիկի առջեւ միշտ դրվել են բարձր նպատակներ: Այս պահին գլխավորն այն է, որ մենք շարժվում ենք ճիշտ ճանապարհով: Փյունիկի ռազմավարությունը ազգային հավաքականների համար ֆուտբոլիստներ պատրաստելն է: Մեր աշխատանքը տվել է արդյունք. մենք երկրի բոլոր տարիքային խմբերի հավաքականներում ունենք ակումբի բազմաթիվ ներկայացուցիչներ: Անցած մրցաշրջանում Փյունիկը նվաճեց երկրի սուպերգավաթը, բայց դա եւս քիչ չէ, եթե հաշվի առնենք թիմի կազմը: Թիմի մշտական երիտասարդացումը թույլ է տալիս բացահայտել նոր խաղացողների: Դա է եղել մեր նպատակը եւ մենք հասել ենք մեր նպատակին, մոտեցումն էլ չենք փոխելու»,- նշում է Փյունիկի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

«Եթե գնահատենք թիմի ելույթն արդյունքով, ապա, իհարկե, երկրորդ տեղը Փյունիկի համար հաջողություն չէ, քանի որ մեզ համար միակ հաջող արդյունքը համարվում է առաջին տեղը: Իսկ եթե հաշվի առնենք, թե ինչ կազմով է թիմը հասել այդ արդյունքին, ապա կարելի է բավարար գնահատական տալ: Մենք ունենք երիտասարդ ու հեռանկարային թիմ, որն արդեն հաջորդ մրցաշրջանում իր կդրսեւորի: Փյունիկի առջեւ խնդիր էր դրվել դառնալ չեմպիոն եւ վստահ եմ, որ 2012-ին թիմը ի զորու կլինի լրջորեն պայքարել առաջին տեղի համար»,- ամփոփեց թիմի ավագ Սարգիս Հովսեփյանը:

Պատրաստեց Խաչիկ Չախոյանը