Ե՛վ մայրաքաղաքում, և՛ մայրուղիներում սկսել են կամաց-կամաց երևալ էլեկտրական շարժիչով մեքենաների լիցքավորման կետեր։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Կառավարության նիստի ընթացքում նկատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նույնիսկ ես նկատեցի, որ մի շարք բենզա եւ գազալցակայաններում հայտնվում են կետեր էլեկտրական ավտոմեքենաների լիցքավորման համար եւ նաեւ հայտնվում են տեղեր, որտեղ միայն էլեկտրական շարժիչով ավտոմեքնանների համար են նախատեսված։ Իհարկե, ես եթե ճիշտ եմ հասկանում մի քիչ ավելի երկար է տևում լիցքավորումը, դրա համար այդտեղ զուգահեռ հայտնվում է սրճարանային ենթակառուցվածք, ինչը լավ է, որովհետև մեծ հաշով մարդկանց զգալի մասը ճամփորդում է, ինչը բիզնեսի նոր ուղություն է բացում ՀՀ-ում»,-ասաց նա:

ՀՀ ֆինանսների նախարարն էլ ընդգծեց․ «Նախկինում գույքահարկի հաշվառման սկզբունքը հիմնված էր ձիաուժերի վրա, և էլեկտրոմոբիլների տեսակներ կան, որոնք ունեն շատ բարձր ձիաուժեր և մեր քաղաքացիները բողոքում են, որ անհարկի բարձր գույքահարկ են վճարում, այդ պատճառով ֆինանսների նախարարությունը իրականացնում է ուսումնասիրություն ավելի արդար մեխանիզմներ ներդնելու գույքահարկի հաշվարկման մեջ: Կարծում եմ մինչև տարվա վերջ կամփոփենք այս ուսումնասիրությունը և հանդես կգանք նոր առաջարկով, որը ավելի արդար հաշվարկման մեխանիզմներ կկիրառվի այս նոր իրողությունների պայմաններում»,- ասաց նախարարը:

Վարչապետը նկատեց․ «Շատ լավ, բայց հիմա էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների շարժիչն էլ ա ձիաուժով հաշվարկվում, ներքին արյման շարժիչն էլ։ Ձին ձի է»։

Նախարարն էլ արձագանքեց. «Էլեկտրական շարժիչով մեքենաները կարող են ունենալ 400-500 ձիաուժ, բայց գնային սեգմենտով ավելի ցածր են, քան օրինակ վառելիքով աշխատող մեքենաները»: