Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, ճապոնացի ձյուդոիստ Մասատո Ուչիշիբան ձերբակալվել է ուսանողուհու նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու կասկածանքով: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Մարզական կարիերան ավարտելուց հետո Ուչիշիբան ձյուդո էր դասավանդում Ֆուկուոկայի Կյուսու համալսարանում: Սեպտեմբերին նրան հեռացրել են աշխատանքից ուսանողուհիներից մեկի նկատմամբ սեռական ոտնձգության համար: Նախապես նա ալկոհոլ էր խմեցրել աղջկան: Աղջկա 20 տարին  լրացած չի եղել, իսկ Ճապոնիայում պաշտոնապես արգելված է ալկոհոլի օգտագործումը մինչեւ 20 տարեկան:

33-ամյա Ուչիշիբայի դեմ հարուցվել է քրեական գործ: Մարզիկը հերքում է բոլոր մեղադրանքները:

Աթենք-2004-ի եւ Պեկին-2008-ի օլիմպիական չեմպիոնը մեծ սպորտից հեռացել է 2010թ. հոկտեմբերին: