Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է տարվա լավագույն գոլի հեղինակների հավակնորդների եզրափակիչ եռյակը:

Հունվարի 9-ին կայանալիք տարվա լավագույ  ֆուտբոլիստի պարգեւատրության ժամանակ  կհրապարակվի նաեւ տարվա լավագույն գոլի հեղինակի անունը: Հավակնորդներն են արգենտինացի Լիոնել Մեսին (Բարսելոնա), բրազիլացի Նեյմարը (Սանթոս) եւ անգլիացի Ուեյն Ռունին (Մանչեսթեր Յունայթեդ):

Լավագույն գոլի քվեարկությանը կարող եք մասնակցել FIFA.com-ում:

Մեսին եռյակում հայտնվել է Չեմպիոնների լիգայի խաղում Լոնդոնի Արսենալի դարպասն Ինյեստայի փոխանցումից հետո ֆանտաստիկ տեխնիկայի կիրառմամբ գրավելու համար:

Նեյմարը Ֆլամենգոյի դարպասը գրավել է միայնակ անցումից հետո` մի քանի պաշտպանների շրջանցելով:

Ռունին Նանիի փոխանցումից հետո հետադարձ հարվածով գրավեց Մանչեսթեր Սիթիի դարպասը:

Լեգենդար հունգարացի ռմբարկու Ֆերենց Պուշկանի անվան մրցանակը կշնորհվի երրորդ անգամ: Դափնեկիր են դարձել Ռոնալդուն եւ Համիթ Ալթինթոփը: