«Բացահայտելով Մադրիդյան սկզբունքները՝ համանախագահներն ապացուցեցին, որ այդ հայտարարությունը բխում է հայկական կողմի շահերից»,-այսօր լրագրողների հետ հնդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ, խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, հավելելով, որ ՀՀԿ կարծիքն անփոփոխ է` Հայաստանը չպիտի գնա միակողմանի զիջման եւ որ գլխավորը կարգավիճակի հարցն է: Նա հիշեցրել է ՀՀ իշխանությունների հռչակած երեք կետերը եւ նշել, որ դրանք ներառված են մադրիդյան սկզբունքներում: Դրանք են. ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ԼՂՀ-ն պետք է Հայաստանի հետ ունենա ընդհանուր ցամաքային սահման և Ղարաբաղի պետությունն ու ժողովուրդը պետք է ունենան անվտանգության երաշխիքներ։
«Հստակ, փաստացի, երեք նախագահներն իրենց հայտարարության մեջ ամրագրում են ԼՂ փաստացի անկախությունը, եւ երկրորդը, նաեւ այն էր, որ նրանք հնարավորություն են տեսնում իրավական անկախության համար: Եթե ասենք դե ֆակտո անկախությունը կա, դե յուրե անկախության մասին արդեն հանրաքվեի միջոցով նրանք տեսնում են այդ հնարավորությունը: Եվ սա եւս մեկ անգամ փաստում է, որ հայկական կողմն ավելի շահեկան վիճակում է գտնվում, քան ադրբեջանական կողմը»,-ասել է Շարմազանովը:
Այնուհետեւ անդրադառնալով Ստեփանակերտում ՀՅԴ նախաձեռնած համաժողովին, որտեղ դժգոհություններ են հնչել վարվող արտաքին քաղաքականության ու մադրիդյան սկզբունքների մասին, ՀՀԿ մամուլի խոսնակն ասել է. «Եթե այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ունեն փաստեր, որ սա շահեկան չէ, ապա դա իրենց խնդիրն է, մենք կարող ենք բանավիճել: Մեր կարծիքը հետեւյալն է. Առանց ԼՂ ժողովրդի, առանց Լեռնային Ղարաբաղի ղեկավարության, թե մասնակցության, թե ստորագրության, չի կարող լուծվել Լեռնային Ղարաբաղի հարցը»:



























