Սիրտը մարդու մարմնի ցանկացած այլ օրգանից առավել ներշնչում է երևակայությունը: Մարդկության պատմության ընթացքում մարդիկ ամբողջ աշխարհում հազարավոր լեզուներով գրել, խոսել և երգել են սրտի մասին: Ընդսմին, ցանկացած օրգանիզմի սրտում գլխավոր գործառույթը նրանում կյանքը պահպանելն է, գրում է Live Science-ը։

Այս օրգանը բռունցքի չափ մկան է, որը վերահսկում է արյան ամբողջ արյունատար համակարգը՝ թթվածնով հագեցած արյունը մղելով ամբողջ մարմնով մեկ, գրում է «Ֆոկուս»-ը։ Սիրտը կարող է արագանալ կամ դանդաղել՝ կախված հույզերից և ֆիզիկական ակտիվությունից, ինչպես նաև վնասվածքներից կամ հիվանդություններից: Սակայն, ընդհանուր առմամբ, առողջ սիրտը, որպես կանոն, տրոփում է սահուն և հուսալի կերպով: Սրտի քանի՞ տրոփյուն է լինում օրվա մեջ և մարդու ամբողջ կյանքի ընթացքում:

Նյու Ջերսիի Ռաթգերս համալսարանին առընթեր Ռոբերտ Վուդ Ջոնսոնի բժշկական դպրոցի սրտանոթային բժշկության բաժնի վարիչ դոկտոր Պարթո Սենգուպտան նշում է, որ կան բազմաթիվ սցենարներ, թե օրվա ընթացքում որքան արագ է մեր սիրտը տրոփում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ սրտի հաճախությունը նույնիսկ դանդաղում և արագանում է մոտ 100 միլիվայրկյանով ամեն անգամ, երբ շունչ ենք քաշում կամ արտաշնչում:

Հանգիստ վիճակում միջինը րոպեում 70 զարկով սրտի կծկումներ ունեցող մարդն օրական 100 հազար 800 տրոփյուն կունենա: Մեկ տարվա ընթացքում դա կկազմի մոտավորապես 36,8 միլիոն, իսկ 77,5 տարվա կյանքի միջին տևողությամբ՝ մոտավորապես 2,85 միլիարդ սրտի հարված:

Կա՞ սահման, թե քանի անգամ կարող է տրոփել մեր սիրտը: Ըստ դոկտոր Սենգուպտայի՝ կան մի քանի գործոններ, որոնք կարող են խաթարել սրտի աշխատանքը, մասնավորապես՝ տարիքը, գենետիկան, վնասվածքները, հիվանդությունները: