Մայրաքաղաքի «Բանանց» ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանը հայկական ֆուտբոլի նվիրյալներից է: Նա մշտապես ծանր է տանում ոչ միայն իր ակումբի, այլեւ ազգային ընտրանու պարտությունները: Օրերս Ս. Իսրայելյանի հետ հարցազրույց կազմակերպեց «Ֆուտբոլ 365» շաբաթաթերթը՝ հասկանալու ազգային ֆուտբոլի զարգացման միտումներն ու խնդիրների էությունը:
Հայկական ֆուտբոլի առաջտարներից մեկի ղեկավարի խոսքերով, «մենք խնդիրներ ունենք մանկապատանեկան ֆուտբոլում: Դա հիմնականում վերաբերում է անցումային տարիքին: Երբ նայում ես մանկական թիմերի մասնակցությամբ խաղերը, չես դադարում հիանալ այդ երեխաների խաղով: Սակայն սկսած 14 տարեկանից՝ մենք սկսում ենք կորցնել նրանց: Ասեմ մեր ակումբի մանկապատենական դպրոցի մասին, ես չեմ նկատում, որ այնտեղ կան համապատասխան որակավորմամբ մասնագետներ, որ կարող են աշխատել անցումային տարիքի երեխաների հետ: Ինչ վերաբերում է մարզիչներին, որ աշխատում են 5-13 տարեկանների հետ, ես որեւէ կասկած չունեմ, նրանք գիտեն իրենց գործը»:
Խոսելով ազգային հավաքականի ղեկին ճանաչված հայազգի մասնագետ Սերխիո Մարգարյանի հնարավոր նշանակման մասին, «Բանանցի» նախագահը նշել է. «Եթե Մարգարյանը հայրենասեր է, ֆինանսական հարցերը նրա համար երկրորդ պլան կմղվեն, եւ նա օգնության կգա իր ժողովրդին: Եւ եթե գա, պետք է ոչ թե սահմանափակվի ազգային հավաքականով, այլեւ զբաղվի ողջ ֆուտբոլով: Եթե նման կարգի մասնագետը մեզ մոտ 5 տարի աշխատի, շատ բան կանի ազգային ֆուտբոլի համար: Իհարկե, եթե տեղական մասնագետներն իրենց չերեւակայեն եւ ցանկանան սովորել նրանից…»:



























