Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Նովրուզ Ասլանովը դատի է տվել ադրբեջանական ընդդիմադիր «Ենի Մուսավաթ» եւ «Ազադլըգ» թերթերի լրագրողներ Էմիլ Սալամօղլուին եւ Ռամին Դեկոյին: Այդ մասին գրում է «Ազադլըգ»-ը` նշելով, որ պատգամավորի զայրութն են հարուցել այս տարվա հոկտեմբերի 26-ին այդ թերթերում լույս տեսած հոդվածները: Վերոնշյալ հոդվածներում նշվում է, որ Ադրբեջանի Աշխատանքի ու սոցիալական պաշտպանության նախարար Ֆիզուլի Ալեքբերովը մեծ քանակությամբ բնակարաններ է գնում Իվանովկա գյուղում` այն յուրացնելու նպատակով: Բացի այդ, գյուղացիների հետ ունեցած հարցազրույցների հիման վրա` լրագրողները պարզել են, որ Իլմայիլի շրջանի տեղական կառավարման մարմնի ղեկավար, պատգամավոր Նիզամի Ալեքբերովը բազմաթիվ տներ է գնել գյուղում, որոնք քանդելուց հետո դրանց տեղում ամառանոցներ եւ հյուրանոցներ է կառուցում: Գյուղացիները քննադատել եւ բողոքել են գյուղի համայնքից առաջադրված պատգամավոր Նովրուզ Ասլանովի դեմ, ով ուշադրություն չի դարձնում իրենց խնդիրներին:

Պատգամավորը լրագրողներին մեղադրում է, որ նրանք առանց լուրջ հիմնավորման, հարվածել են իր հեղինակությանը եւ հետք թողել իր պատգամավորական գործունեության վրա:

Նրանց դատի տալով` Ասլանովը պահանջել է, որ լրագրողները 10 օրվա ընթացքում իրեն հանձնեն հարցման ենթարկված գյուղացիների անուններն ու հասցեները: Սակայն լրագրողները հայտնել է, որ այդ անձանց տվյալները հաղորդելը հակասում է լրագրողական սկզբունքներին, եզրափակում է «Ազադլըգ»-ը: