Հոկտեմբերի 15-ին Շվեյցարիայի Ազգային Խորհրդի (պառլամենտի ստորին պալատ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պատգամավոր Էրիխ Ֆոնթոբլի նախաձեռնությամբ ընդունեց բանաձեւ, որով Շվեյցարիայի դաշնային խորհրդին (կառավարություն) կարգադրվում է առավելագույնս մեկ տարվա ընթացքում կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի վերաբերյալ խաղաղության համաժողով։ Նախքան կառավարության կողմից բանաձեւի իրականացումը, սույն որոշումը պետք է մոտակա նստաշրջանին հաստատվի պառլամենտի երկու՝ ստորին եւ վերին պալատների կողմից։
Արցախի հայաթափումից ի վեր սա առաջին եւ աննախադեպ գործընթաց է։
Բանաձեւի նպատակը
Դաշնային խորհրդին հանձնարարվում է հնարավորինս շուտ, սակայն առավելագույնը մեկ տարվա ընթացքում կազմակերպել միջազգային խաղաղության համաժողով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ Նպատակն է դյուրացնել բաց երկխոսությունը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև, որը կանցկացվի միջազգային հսկողության ներքո կամ միջազգային կարեւոր դերակատարների ներկայությամբ՝ բանակցելու Լեռնային Ղարաբաղի պատմականորեն բնիկ հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի շուրջ:
Բանաձեւի հիմնավորումը
2023 թվականի սեպտեմբերի Ադրբեջանի վերջին ռազմական առաջխաղացումից ի վեր Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, բացառությամբ մի քանի տեղափոխմանը ֆիզիկապես անընդունակ մարդկանց, ամբողջությամբ հայաթափվել է։ 1915 թվականին հայերի դեմ իրականացված ցեղասպանության կրկնման մտավախությունից դրթված՝ պատմական բնակչությունը ստիպված եղավ մի քանի օրվա ընթացքում լքել իր հայրենիքը։ Այդ օրվանից մինչ օրս տարածաշրջանը ենթարկվում է փաստագրված էթնիկ զտումների. հայկական մշակութային ժառանգությունը, ինչպիսիք են եկեղեցիները, վանքերը և գերեզմանատները, կամ համակարգված կերպով ոչնչացվում են, կամ «վերանորոգման» անվան տակ կեղծ պատմական փաստաթղթերի միջոցով վերաիմաստավորվում։ Չնայած այս լրջացույն զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակում են հավատարիմ մնալ իրենց ցանկության՝ միջազգային հանրության անվտանգության երաշխիքների ներքո հայրենիք վերադառնալու, սեփական քաղաքական ապագան որոշելու և ժողովրդավարական ինքնակառավարում իրականացնելու վերաբերյալ։
Միջազգային հանրությունը այս կապակցությամբ բազմիցս դիրքորոշում է արտահայտել։ Այսպես օրինակ 2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության Միջազգային դատարանը (ICJ) վճռեց, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության «անվտանգ, անխոչընդոտ և արագ վերադարձը» և կանխել ապագա տեղահանումները բռնի կամ ահաբեկման միջոցով (տես. ICJ, Doc. No 180-20231117-ORD-01-00-EN)։ Այնուհետ 2024 թվականի մարտի 12-ին Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց, որով կոչ է անում Ադրբեջանին համապարփակ և թափանցիկ երկխոսության գնալ ղարաբաղցի հայերի հետ։ Նպատակն է հարգել նրանց իրավունքները, երաշխավորել նրանց անվտանգությունը և հնարավորություն տալ նրանց վերադառնալ իրենց տները միջազգային ներկայության ներքո (տես RC-B9-0163/2024 բանաձեւի համատեղ միջնորդությունը, պար. 14):
ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը նախկինում պատասխանատու էր միջնորդության համար, աշխարհաքաղաքական լարվածության պատճառով այսօր խիստ սահմանափակված է իր գործողություններում։ Սա ընդգծում է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները պաշտպանելու բանակցությունների նոր ձևաչափի անհրաժեշտությունը։
Շվեյցարիան նախկինում մի քանի անգամ հաջողությամբ հանդես է եկել որպես չեզոք միջնորդ միջազգային հակամարտություններում: Բոլորովին վերջերս՝ 2024 թվականի հունիսին, Դաշնային խորհուրդը Բյուրգենշտոկում հյուրընկալեց Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության կոնֆերանսը։ Շվեյցարիան արժեքավոր ծառայություններ է մատուցել նաեւ Հայաստանի պարագայում. 2009թ. հոկտեմբերին Շվեյցարիայի միջնորդությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեցին «Ցյուրիխյան արձանագրությունները», որոնք ուղղված էին երկկողմ հարաբերությունների կարգավորմանը։ Դաշնային խորհրդական (արտգործնախարար) Միշլեն Կալմի-Ռեյը իր այս հանձնառության համար նույնիսկ պարգեւատրվել է Հայաստանի Պատվո շքանշանով։
Հաշվի առնելով Շվեյցարիայի և Ադրբեջանի միջև էներգետիկ քաղաքականության սերտ համագործակցությունը, Համադաշնության (Շվեյցարիա) տնտեսական շահերից է բխում տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատումը: Սա ներառում է հատկապես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնական իրավունքների վերականգնումը։ Շվեյցարիայի կողմից կազմակերպվելիք միջազգային խաղաղության համաժողովը կարող է վճռական ներդրում ունենալ հակամարտության կարգավորման գործում, վերադարձի հնարավորություն տալ տեղահանվածներին և դրանով իսկ նպաստել ողջ տարածաշրջանի կայունացմանը։
Շվեյցարիան ունի բացառիկ հնարավորություն, գործածելու իր ապացուցված չեզոք միջնորդի դերը, հակամարտության կողմերի միջև կառուցողական երկխոսություն սկսելու համար։ Նման հանձնառությամբ կշարունակվի ոչ միայն Շվեյցարիայի մարդասիրական ավանդույթը, այլև կամրապնդվեն երկրի դիրքերը՝ որպես միջազգային դիվանագիտության հուսալի գործընկեր։





























