Հայաստանում հազար երեխայից 23-ը չեն ապրում մինչեւ 5 տարեկան: Այդ մասին ասված է նոյեմբերի 11-ին հրապարակված ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՈՒՆԻՍԵՖ-ի) զեկույցում:

Հարավային Կովկասում վաղ հասակում մանկական մահացության ամենացածր մակարդակը Հայաստանում է: Վրաստանում մինչեւ 5 տարեկանը չեն ապրում հազարից 30-ը, Ադրբեջանում՝ 36-ը: Աշխարհում, համաձայն զեկույցի, յուրաքանչյուրից հազարից մինչեւ 5 տարին լրանալը մահանում են 65 երեխա: ԱՊՀ եւ Կենտրոնական Եվրոպայի երկրներում այդ ցուցանիշը հասնում է 23-ի, նույնքան, որքան Լատինական Ամերիկայում եւ Կարիբյան ծովի ավազանում:

Ընդ որում, ՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներում, նախկին ԽՍՀՄ երկրներում լավագույն իրավիճակը բալթյան երկրներում է, որոնք զեկույցում ներկայացված են որպես «Արդյունաբերական զարգացած երկրներ»: Էստոնիայում ամեն հազարից մահանում է 6-ը, Լիտվայում՝ 7, Լատիվայում՝ 9 երեխա: Ռուսաստանում եւ Բելառուսում այդ թիվը հասնում է 13-ի:

Ընդհանուր առմամբ, ՈՒՆԻՍԵՖ-ի փորձագետները նշում են, որ անցած երկու տասնամյակների ընթացքում մանկական մահացության մակարդակը նվազել է. 1990թ. մինչեւ 5 տարեկանը մահանում էին երեխաների 9, այժմ՝ 6,5 տոկոսը: