Ըստ նոր հետազոտության, ժամանակակից մարդկանց՝ ածխաջրերի նկատմամբ վաղեմի սիրո ակունքները գալիս են դեռ հնուց, երբ մենք դեռ չէինք ձևավորվել որպես տեսակ:
Նոր հետազոտությունը, որի արդյունքերը հրապարակվել են Science հանդեսում, առաջարկում է ածխաջրերով հարուստ վաղ սննդակարգի վերաբերյալ առաջին ժառանգական ապացույցը:
Գիտնականները հետևել են մի գենի էվոլյուցիային, որը մարդկանց հնարորություն է տալիս օսլան ավելի հեշտությամբ մարսել՝ այն բաժանելով պարզ շաքարների, որոնք օրգանիզմը կարող է օգտագործել էներգիա ստանալու համար: Հետազոտությունը ցույց է տվել, որ այդ գեները գյուղատնտեսության ի հայտ գալուց շատ առաջ պատճենորդվել են:
Կոնեկտիկուտ նահանգի Ֆարմինգթոն քաղաքի Ջեքսոնի լաբորատորիայի և Նյու Յորքի Բուֆալոյի համալսարանի հետազոտողները վերլուծել են 68 հնագույն մարդկանց գենոմները:
Հետազոտական թիմը կենտրոնացել է AMY1 գենի վրա, որը մարդուն հնարավորություն է տալիս ճանաչել և բերանում սկսել քայքայել օսլայի բարդ ածխաջրերը՝ արտադրելով ամիլազ ֆերմենտը: Առանց ամիլազի մարդիկ չէին կարողանա մարսել մի շարք մթերքներ, մասնավորապես՝ կարտոֆիլը, մակարոնեղենը, բրինձը կամ հացը:
Այսօր մարդիկ ունեն այս գենի բազմաթիվ պատճենորդներ, և նրանց քանակը տարբեր է: Սակայն գենետիկները չեն կարողացել հասկանալ, թե ինչպես և երբ է ավելացել այդ գեների քանակը, ինչը ցույց է տալիս, որ օսլայի օգտագործումը մարդու առողջության համար օգտակար է դարձել:
Գիտնականների թիմը պարզել է, որ դեռևս 45 հազար տարի առաջ, որսորդ-հավաքիչները, որոնց ապրելակերպը նախորդել է գյուղատնտեսությանը, ունեին AMY1-ի գենի՝ միջինը 4-8 նմուշ, ինչը ենթադրում է, որ Homo sapiens-ը օսլայի համը զգացել է շատ ավելի վաղ, քան ընտանիացված գյուղատնտեսական մշակույթները կձևավորեին մարդու սննդակարգը:
Հետազոտությունը միաժամանակ ցույց է տվել, որ AMY1 գենի պատճենորդումը գոյություն ունի նեանդերթալցիների և դենիսովացիների գենոմներում՝ անհետացած հոմինիններ, որոնք առաջին անգամ հայտնաբերվել են 2010 թվականին. դրանց մասին համեմատաբար քիչ բան է հայտնի: Մարդկային երեք տեսակների մեջ գենի բազմաթիվ պատճենների առկայությունը վկայում է նրա մասին, որ նախքան տարբեր տոհմերի բաժանումը՝ այդ հատկանիշը բոլոր նախնիների համար ընդհանուր է եղել, ասված է հետազոտության մեջ:
Սա նշանակում է, որ հին մարդիկ դեռևս 800 հազար տարի առաջ ունեցել են մեկից ավելի AMY1-ի գենի պատճենորդներ:





























