Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Բեյրութի հիվանդանոցներից մեկի տակ հայտնաբերել է լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորմանը պատկանող ստորգետնյա բունկեր։ Դրա մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ, փոխ-ծովակալ Դանիել Հագարին։
Ըստ նրա՝ բունկերն պատկանել է անձամբ «Հըզբոլլահ»-ի սպանված առաջնորդ Հասան Նասրալլահին։ Թաքստոցը պարունակում էր ավելի քան 500 միլիոն դոլարի ոսկի և կանխիկ գումար: Իսրայելը մեղադրել է Իրանին խմբավորմանը ֆինանսավորելու մեջ։
«Այս գումարը կարող էր օգտագործվել Լիբանանը վերականգնելու համար, բայց փոխարենը դրանք օգտագործվեցին «Հեզբոլլահ»-ի հզորացման համար»,-ըստ The Times of Israel-ի՝ նշել է Հագարին: Փոխ-ծովակալը միաժամանակ Լիբանանի կառավարությանը և միջազգային կազմակերպություններին կոչ է արել կանխել այդ միջոցների օգտագործումը Իսրայելի դեմ ահաբեկչական գործողությունների համար։ Հագարին հավելել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ուշադիր հետևում են ստորգետնյա համալիրին, սակայն ընդգծել է, որ հոսպիտալի վրա հարձակումներ նախատեսված չեն, քանի որ Իսրայելի պաշտպանության բանակը պայքարում է «Հեզբոլլահ»-ի դեմ, այլ ոչ թե լիբանանցիների:
Բունկերի և դրա պարունակության մասին տեղեկության բացահայտումը հաջորդել է գիշերվա ընթացքում «Հըզբոլլահ»-ի ֆինանսական օբյեկտներին հասցված ավիահարվածներին: Մասնավորապես, իսրայելական ավիացիան հարձակվել է Դամասկոսի վրա՝ ոչնչացնելով խմբավորման ստորաբաժանման հրամանատարին, որը պատասխանատու էր միջոցների և զենքի փոխանցման համար։ Հագարին չի նշել այս հրամանատարի անունը՝ նշելով միայն, որ նա դարձել է նախորդի իրավահաջորդը՝ վերջինիս մահվանից հետո։





























