Մենք այստեղ այլեւս անելիք չունենք, էն գլխից էլ չունեինք, բայց պետք էր այս արձնագրումը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ՀՀ նախագահական նստավայրի առաջ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:
«Ժողովուրդ ջան, ուզում եմ ուրախ լուրի մասին ասել, դուք բոլորդ իր խոսքով ասած «ալամ աշխարհի» չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին ճանաչում եք, հիմա այստեղ է: Երկու օր առաջ իր որդին՝ Հարությունը, Եվրոպայի առաջնությունում երկրորդ տեղն է զբաղեցրել:
Հիմա առաջարկում եմ անցնել այս դիմացի այգին, մի քիչ իրար հետ խոսել, զրուցել, հետո կտեսնենք: Կարողանանք մի քանի բառ փոխանակել, առանց միտինգային տրամաբանության: Լրագրողները կարող են գալ, բայց կամերաների կարիք չկա: Այստեղ ամփոփում ենք»,-ասաց նա:
Բագրատ Սրբազանը խոստացավ առաջիկայում հայտարարել հետագա անելիքների մասին: Սրանով ակցիան ավարտվեց:
Հիշեցնենք, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը:
Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևն այսօր ևս հաստատել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը:
Բագրատ Սրբազանը իր աջակիցների հետ եկել էր, որ թույլ չտան նախագահին ստորագրել կանոնակարգը, սակայն վերջինս արդեն ստորագրել էր:



























