Աջարիայի ժողովրդագրական իրավիճակը կարող են փոխել մարդիկ, այլ ոչ թե ճանապարհները, կամուրջները եւ այլ ենթակառույցներ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է վրացի փորձագետ, քաղաքագետ Զուրաբ Աբաշիձեն` մեկնաբանելով Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի արտահայտած տեսակետն այն մասին, որ Հայաստանն Աջարիային կապող ավտոճանապարհի կառուցումը վտանգավոր է ժողովրդագրական առումով: Ըստ քաղաքագետի`այդ խոսքերն իրականության հետ ընդհանրապես ոչ մի կապ չունեն:
«Կովկասում, այսպես ասած, ամեն ինչ անհավատալի չափերով ուռճացնելու, իսկ հետո դրա մասին մոռանալու համընդհանուր հիվանդություն կա: Այդ հայտարարությունը հենց այդ դեպքերից է», - նշել է Աբաշիձեն` հավելելով, որ ինքը ավտոճանապարհի կառուցումը դրական է գնահատում:
«Նման նախագծերը նպաստում են զբոսաշրջության, ինչպես նաեւ մի շարք այլ ոլորտների զարգացմանը, օրինակ` ծառայությունների ոլորտը, հյուրանոցային բիզնեսը, շինարարությունը, տորրիզմը եւ այլն: Մարդիկ ավելի շատ են շփվում, կապեր են հաստատում, ի՞նչ վատ բան կա դրանում», - տարակուսել է զրուցակիցը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն ասել էր, որ Հայաստանն Աջարիային կապող ուղիղ ավտոմայրուղու շինարարության մեջ սպառնալիք է տեսնում: Նա, մասնավորապես, նշել էր. «Այդ նախագիծը կարող է ժողովրդագրական խնդիրներ առաջացնել Վրաստանում»:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստան կատարած այցի ընթացքում իր գործընկեր Միխայիլ Սահակաշվիլիի հետ քննարկել է ճանապարհի շինարարությանն առնչվող հարցեր: Նրանք պայմանավորվել են արագացնել Հայաստանն ու Բաթումին միացնող ճանապարհի շինարարության գործընթացը: Սահակաշվիլին նշել է, որ դա ավելի կմեծացնի հայ զբոսաշրջիկների հոսքը Վրաստան:




























