Հիջաբները եւ նիկաբները դրպոցներում արգելելը հակասում է Սահմանադրությանը, որը երաշխավորում է խղճի եւ դավանանքի ազատության իրավունքը, հայտնել է Չեչնիայի մուֆտի Սալահ Մեժիեւը։ Նա այսպես է մեկնաբանել համապատասխան սահմանափակումները, որոնք մտցվել են Վլադիմիրի մարզում։ Հրամանը ստացել է կրթության եւ երիտասարդական քաղաքականության տարածաշրջանային նախարարությունը՝ պարզաբանելով, որ Ռուսաստանն աշխարհիկ երկիր է, որտեղ «եկեղեցին բաժանված է պետությունից, այդ թվում աշխարհիկ կրթության ոլորտից»։

Մեժիեւը հայտնել է, որ Վլադիմիրի իշխանությունների նորմատիվ ակտը «ուղղված է ազգամիջյան եւ միջկրոնական պառակտման հրահրմանը»։ «Մեր տարակուսանքն է առաջացնում նաեւ այն, որ այս փաստաթղթում հատկապես նշվում է միայն իսլամական կրոնական հագուստի արգելքը։ Հուսով ենք, որ սա ընդամենը կազմողների կողմից անբավարար մշակման պատճառով է, այլ ոչ թե նպատակաուղղված գործողություն մուսուլմանների դեմ»,- նշել է մուֆտին։

Մեժիեւը հիշեցրել է, որ «հիջաբը խորհրդանշում է բարեպատվությունը» եւ իսլամական մշակույթի եւ ավանդույթների կարեւոր տարր է, քանի որ կրոնը մուսուլման կանանց կարգադրում է հագուստով փակել մամնի բոլոր մասերը՝ դեմքից, դաստակներից եւ ոտնաթաթերից բացի։ Նա նաեւ ընդգծել է, որ ռուսական օրենքները չեն արգելում հիջաբ կրել, դրանով կարելի է անգամ լուսանկարվել անձնագրի համար։ Մուֆտին չի համաձայնել նրանց հետ, ովքեր համապատասխան սահմանափակումների կոչ են անում ի շահ ազգային անվտագության, եւ առաջարկել է այդ մարդկանց գնալ պատերազմ Ուկրաինայի դեմ՝ «օրինակ վերցնելով հազարավոր մարտիկներից, որոնք իսլամ են դավանում»։