Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգին:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարությունը Հայաստանի տարածքում ռադիոհաղորդումների եւ հեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրման միջգերատեսչական հանձնաժողովին պարտավորեցրել է մեկամսյա ժամկետում մշակել եւ կառավարություն ներկայացնել հայեցակարգի վերաբերյալ հանրային քննարկման ժամանակացույցը: Քանի որ հեռուստառադիոհեռարձակման ծառայությունների հետագա ընդլայնումը եւ որակի բարձրացումը այժմ կիրառվող անալոգային տեխնոլոգիայի պայմաններում հնարավոր չէ, եւ ոլորտի զարգացումը պահանջում է նոր տեխնոլոգիաների կիրառում, ընդունված որոշումը նպատակ ունի ապահովել բազմաբովանդակ հեռուստառադիոհեռարձակման հասանելիությունը եւ մատչելիությունը, ինչպես նաեւ տեղեկատվական շուկայի զարգացումը եւ ազատ մրցակցության ապահովումը: «Ուզում եմ արձանագրել, որ այս հարցը դարձել է հանրային քննարկման եւ բանավեճի առարկա այն պատճառով, որ մենք Ազգային Ժողով ներկայացրեցինք մի օրենք, որով հստակեցրեցինք, թե ինչպիսին պետք է լինի մրցույթների ժամանակացույցը: Մեր շարժառիթները շատ պարզ էին եւ հասկանալի: Եվրամիության ֆինանսավորմամբ փորձագետները ուսումնասիրեցին ստեղծված իրավիճակը եւ կառավարության կողմից ներկայացված օրենքը, ինչպես նաեւ ընդունված որոշումները: Եվրամիության ուղարկած փորձագետը տվեց դրական եզրակացություն, որ մեր մոտեցումն արդարացված եւ ճիշտ մոտեցում է»,- հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: