Բրիտանացի ծանրքաշային բռնցքամարտիկ Դենի Ուիլյամսը, ով առավել հայտնի դարձավ Մայք Թայսոնին հաղթելուց հետո, հայտարարել է մարզական իր կարիերան ավարտելու մասին` նորվեգացի Լեյֆ Լարսենի հետ մենամարտում պարտություն կրելուց հետո:

Ըստ բռնցքամարտիկի` այդ մարտից հետո ինքն զգացել է, որ այլեւս առաջվա նման չի կարողանում դիմակայել հարվածներին, տեղեկացնում է BoxRec.com կայքը: Մարզիկը հասկացել է, որ աշխարհի չեմպիոն դառնալու հնարավորություն չունի եւ որոշել է արժանապատվորեն հեռանալ:

Ուիլյամսի եւ աշխարհի բացարձակ չեմպիոն Թայսոնի պատմական մենամարտը տեղի է ունեցել 2004թ. հուլիսի 30-ին: Այդ ժամանակ բրիտանացին չորրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Թայսոնին: Մենամարտից հետո տված հարցազրույցում Ուիլյամսը նշել էր, որ եթե Թայսոնին հանդիպեր այն ժամանակ, երբ չեմպիոնը լավագույն մարզավիճակում էր, մեկ ռաունդ էլ չէր դիմանա:

Ուիլյամսը պրոֆեսիոնալ ռինգում 56 մենամարտ է ունեցել, 44 հաղթանակ է տարել (33 -ը` նոկաուտով), 11 անգամ պարտվել է: Եւս մեկ մենամարտ չկայացած է ճանաչվել: