Հարվարդի շրջանավարտի հանդեպ իրականացվում է քաղաքական ռեպրեսիա: Այս մասին իր էջում գրել է Բժիշկ Գևորգ Թամամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ժամեր առաջ նամակ ստացա իմ ընկեր Հովհաննես Ավետիսյանից, որ տարել են ոստիկանություն` գործ են փորձում կարել ապօրինի զենք պահելու մեղադրանքով։ Գաղտնիք չէ, որ Հովհաննեսը ներկա իշխանությունների կոշտ ընդիմախոսն է, առանձնանում է փաստակված և սուր քննադատական խոսքով և այս եղանակով իշխանությունները փորձում են նրան լռեցնել։
Ովքեր ծանոթ չեն, ասեմ`Հովհաննեսը Հարվարդի համալսարանի շրջանավարտ է, հանրային կառավարման մագիստրոս։ Նաև սովորել է Թաֆթսի և Ջորջիայի համալսարաններում։
Հենց նա էր թարգմանել Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարոն Աճեմօղլուի "Ինչու են պետությունները ձախողում" գիրքը։
Աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում որպես Երկկողմ ֆինանսական և տեխնիկական համագործակցության բաժնի ղեկավար, ինչպես նաև` ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում որպես ներդրումային քաղաքականության վարչության պետ։
Եղել է Միավորված ազգերի կազմակերպության Ֆինանսական կառավարման և ծախսերի հաշվառման ազգային փորձագետ, Եվրոպական միության պատվիրակության ավագ փորձագետ, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ նախագծերի համակարգմանը» ծրագիր Հանրային քաղաքականության և կառավարման փորձագետ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (ՏՀԶԿ) Հանրային քաղաքականության և կառավարման փորձագետ։
Կոչ եմ անում մասնագիտական համայնքին, ԱՄՆ հայ շրջանավարտներին, Հարվարդի շրջանավարտներին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին ձայն բարձրացնել և կանխել քաղաքական հաշվեհարդարը Հովհաննեսի նկատմամբ»։




























