Եթե Թուրքիայի խորհրդարանը մինչեւ 2010թ. հունվար առանց որեւէ խնդրի վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, Հայաստանի խորհրդարանը պարտավոր է հետեւել այդ օրինակին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆայանը՝ միեւնույն ժամանակ դժվարանալով կանխագուշակել նման զարգացման հնարավորությունը:
«Եթե Թուրքիայի խորհրդարանը ձգձգի այդ հարցը, սկսի ինչ-ինչ նախապայմաններ առաջ քաշել, փաստաթղթերի վավերացումը կապի Ադրբեջանի գործոնի հետ, կամ վավերացնի վերապահումներով, Հայաստանի խորհրդարանն իրավունք ունի չվավերացնել փաստաթղթերը կամ նույնպես ընդունել վերապահումներով: Այո, Հայաստանի խորհրդարանի գործողություններն ուղղակիորեն կախված են թուրքական խորհրդարանի գործողություններից, եւ կարծում եմ՝ դա ճիշտ է»,- հայտարարեց Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում:



















