Թուրքիայի Անթալիա քաղաքում մի նորակառույց շենքի 8-րդ հարկից իրեն ներքեւ նետած 19-ամյա Սերքան Օզչելիքին պետական աշխատանքի են ընդունել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ինքնասպանության անհաջող փորձ կատարած Սերքան Օզչելիքին առանց պետական պաշտոնների անցնելու համար նախատեսվող քննության ընդունել են աշխատանքի Ազգային կրթության Անթալիայի նահանգային վարչությունում։
Ինքնասպանության անհաջող փորձից հետո պարզվել է, որ տղային 3 օրական եղած ժամանակ թողել են աղբամանի մոտ։ Նրան վերցրել եւ հանձնել են մանկատուն։ Սակայն 18-ը լրանալուց հետո ստիպված հեռացել է մանկատնից եւ փորձել գտնել իր բարեկամներին։ Արդյունքի չհասնելով՝ ասել էր կորցնելու բան չունեմ եւ իրեն նետել 8-րդ հարկից։
Փրկարարների կողմից բացված անվտանգության բարձը փրկել է տղայի կյանքը։




























