ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը, ինչպես եւ Հայաստանի եւ Բելառուսի անվտանգության խորհուրդների միջեւ երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկվել Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղարի տեղակալ Ստանիսլավ Զասի՝ նոյեմբերի 12-ին կայացած առանձնազրույցի ընթացքում:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Արթուր Բաղդասարյանը գոհունակությամբ ընդգծել է, թե համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում ակտիվ զարգանում է, համատեղ ջանքեր են գործադրվում երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ակտիվացման, անվտանգության ոլորտում տեղեկատվության փոխանակման, իրավապահ մարմինների, արտակարգ իրավիճակների նախարարության կադրերի պատրաստման եւ վերապատրաստման, հատուկ ծառայությունների եւ իրավապահ մարմինների միջեւ համագործակցության խորացման ուղղությամբ:

Կողմերը նշել են, որ հայ-բելառուսական համագործակցությունը բավական արդյունավետ զարգանում է անվտանգության խորհուրդների միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում: