Հասարակության շրջանում հետաքրքրություն առաջ բերած «Լյուստրացիայի (գաղտնազերծման) մասին» օրինագիծը կարեւոր է նաեւ խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի հետ համագործակցած գործակալներին բացահայտելու առումով: Այս մասին այսօր` դեկտեմբերի 8-ին, Քաղաքացիական ազգային նախաձեռնության (ՔԱՆ) դահլիճում այս թեմայով տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարեց ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը:

Նրա խոսքով, ժամանակին խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի հետ համագործակցած եւ հիմա Հայաստան տեղափոխված անձանց հանդեպ ներկայիս Ադրբեջանի հատուկ ծառայությունները կարող են շանտաժի միջոցով նրանց օգտագործել ՀՀ շահերի դեմ:

Մ. Սարգսյանն ասաց, որ անգամ Արցախում այսօր կան մարդիկ, ովքեր քարոզչություն են իրականացնում Արցախի անկախության դեմ եւ ովքեր կարող են կապ ունենալ Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ:

Քննարկման բանախոսները համաձայնեցին այդ մտքի հետ, ավելին` «Ժառանգության» պատգամավոր եւ այս օրինագծի հեղինակներից Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ նույն կապերը կարող են գործուն ազդեցություն ունենալ անգամ ՀՀ անկախության եւ ինքնիշխանության դեմ աշխատելու, ԽՍՀՄ վերականգնելու կամ Ռուսաստանին միանալու քարոզչություն վարելու գործում:

Մանվել Սարգսյանը մատնանշեց նաեւ մեկ բարդություն լուստրացիայի օրենքի ընդունման ճանապարհին, այն է` ի տարբերություն այն երկրների, որոնք ԽՍՀՄ-ից անկախանալուց հետո հայտարարել են խորհրդային շրջանն իրենց օկուպացիայի շրջան եւ դրա հիմքով կարող են ԽՍՀՄ հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանց համարել օտարերկրյա գործակալներ` Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է ՀԽՍՀ իրավահաջորդությունը:

ՔԱՆ համակարգող Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ այս օրենքի նախագիծը կարող է լակմուսի թուղթ հանդիսանալ բոլոր քաղաքական ուժերի ու գործիչների համար եւ անգամ չընդունված` արդեն բազմաթիվ «ինքնաբացահայտումների» պատճառ է դարձել:

Նա նաեւ ասեց, որ միայն մասնակիորեն է կիսում «Ժառանգության» քարտուղար Կարինե Հակոբյանի հոռետեսությունը` իշխող մեծամասնության կողմից օրենքի ընդունմանը համաձայնելու մասով: Մասնավորապես, ի տարբերություն ՀԱԿ-ի, որի քաղաքական ղեկավարների կողմից առայժմ հնչել են միայն բացասական եւ խիստ քննադատական ելույթներ օրենքի դեմ` ՀՀԿ-ի այնպիսի ազդեցիկ ներկայացուցիչներ ինչպիսիք են Ռաֆիկ Պետրոսյանը եւ Հովհաննես Սահակյանը, ընդհանուր առմամբ, դրական են արտահայտվել օրենքի նախագծի հանդեպ: Եվ դա տրամաբանական է, քանի որ 90-ականների սկզբներին ՀՀ առաջին գումարման խորհրդարանում լուստրացիայի մասին օրենքի համահեղինակ Պարույր Հայրիկյանի հետ մեկտեղ եղել է այն ժամանակվա Հանրապետական կուսակցության ղեկավար եւ հիմնադիր Աշոտ Նավասարդյանը:

Ծավալված շահագրգիռ քննարկմանը մասնակցեցին նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Ավթանդիլյանը, վերլուծաբան Սուրեն Մանուկյանը, ՀԱՀ իրավաբան Արմեն Մազմանյանը, ՌԱՀՀԿ փորձագետներ Էդգար Վարդանյանը եւ Սարո Սարոյանը, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը եւ ուրիշներ: Մարինե Պետրոսյանը մասնավորապես նշեց, որ օրենքի ընդունումը պետք է դիտարկել ՀՀ ազգային անվտանգության եւ Ռուսաստանից կախվածության նվազեցման համատեքստում:

Օրենքի նախագիծը ԱԺ շրջանառության մեջ դրած «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը վերջում նշեց, որ օրենքի` նման բարձր պրոֆեսիոնալ մակարդակով քննարկումը շատ օգտակար էր եւ հիմք կհանդիսանա դրանում որոշակի շտկումներ մտցնելու եւ այն ուժեղացնելու համար: