ԱՄՆ-ը կարծում է, որ Գազայի հատված հումանիտար օգնության առաքումն անհնար կլինի առանց ՄԱԿ պաղեստինցի փախստականների օգնության եւ աշխատանքների կազմակերպման մերձավորարեւելյան գործակալության մասնակցության։ Այս մասին ճեպազրույցում ասել է պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Ներկա պահին օգնությունը հասցնելու այլ միջոցներ չկան»,- ասել է նա՝ անդրադառնալով համապատասխան հարցին։ Դիվանագետն ընդգծել է, որ գործակալությունը «կարեւոր դեր» է խաղում այդ ջանքերում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը անհանգստացած է Իսրայելում գործակալության մասին ընդունված օրենքից։ Միլլերը հաստատել է, որ իր երկիրը կողմ է այդ որոշման չեղարկմանը, եւ հիշեցրել է, որ Վաշինգտոնը կոչ է արել չընդունել այդ օրենքը։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նաեւ հայտնել է, որ ԱՄՆ-ը անհանգստացած է «ծայրահեղական տրամադրված [հրեական] վերաբնակների կողմից բռնության ակտիվացմամբ Հորդանան գետի Արեւմտյան ափի պաղեստինցի բնակչության հանդեպ։ Դա «սպառնում է Իսրայելի անվտանգությանը, դժվարացնում պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորումը, ինչպես նաեւ խափանում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատումը»։





























