2011թ 9 ամիսների ընթացքում Ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական խախտումների վերաբերյալ կատարվել են 994 ծառայողական

քննություններ, 834 ծառայող ենթարկվել է կարգապահական տույժի, այդ թվում` 37-ը ազատվել է ոստիկանության ծառայությունից: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան` հայտնեցին Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նրանց փոխանցմամբ`

ոստիկանության  ծառայողների կողմից 2011թ 9 ամիսների ընթացքում կատարված հանցագործությունների վերաբերյալ հարուցվել են 36 քրեական գործեր. դատապարտվել է 5 ծառայող: Մեր գրավոր հարցման մեջ խնդրել ենք նաեւ տրամադրել տեղեկատվություն, թե նախորդ տարիներին եւս քանի ոստիկան է անօրինական գործողություններ կատարել եւ ինչպե՞ս է պատժվել դրա համար: Ոստիկանությունից հայտնեցին, որ 2010 թ. ընթացքում կարգապահական տույժի են ենթարկվել 1014 ծառայողներ, որոնցից 74-ը ազատվել են ոստիկանությունից: Պաշտոնն իջեցվել է 13-ի, կոչումն իջեցվել է 5-ի, զգուշացվել են պաշտոնին ոչ լրիվ համապատասխանելու մասին 30 ծառայողներ եւ այլն: Ոստիկանության ծառայողին ոչ վայել արարք կատարելու համար 2010 թ. ընթացքում 105 ծառայողներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության: 2010 թ. ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել է 46 քրեական գործ 74 ծառայողների նկատմամբ, որոնցից դատապարտվել են 15-ը: Իսկ 2009 թ կարգապահական տույժի են ենթարկվել  939 ծառայող, որոնցից  44-ը ազատվել է ոստիկանությունից: