Լիբանանի աշխատանքի նախարար Մուստաֆա Բայրամը սեպտեմբերյան հարձակումները երկրի բնակչության դեմ անվանել է «բացահայտ պատերազմ մարդկության, տեխնոլոգիայի, աշխատուժի դեմ»՝ հայտարարելով, որ իր երկիրը Ժնևում բողոք է ներկայացրել Աշխատանքի միջազգային կազմակերպությանը, հաղորդում է Al Jazeera-ն:
«Սա շատ վտանգավոր նախադեպ է։ Մի քանի րոպեում վիրավորվել է ավելի քան 4000 խաղաղ բնակիչ»,-նշել է Բայրամը։ Ողջ մնացած տուժածները կորցրել են մատները կամ տեսողությունը, հավելել է նա։
«Մենք մի իրավիճակում ենք, երբ սովորական իրերը, որոնք դուք օգտագործում եք առօրյա կյանքում, վտանգավոր և մահաբեր են դառնում։ Եթե այս հանցագործությունը չկասեցվի, այն կարող է սովորական դառնալ... Ես սա բարոյական պարտավորություն եմ համարում իմ երկրի և աշխարհի առաջ»,- հավելել է լիբանանցի նախարարը։
Իսրայելը պաշտոնապես չի ստանձնել հարձակումների պատասխանատվությունը, սակայն Բայրամը նշել է, որ «միջազգային մակարդակում ընդունվել է, որ Իսրայելը կանգնած է այս զարհուրելի արարքի հետևում»:
Սեպտեմբերին լիբանանյան փեյջերներն ու վոքի-թոքիները պայթել են, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, հարյուրավոր մարդիկ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:





























