Կիեւի Շեւչենկովյան շրջանի դատարանը կրկնակի ձերբակալել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին` «Ուկրաինայի միացյալ էներգետիկ համակարգեր» կորպորացիան ղեկավարելու տարիներին գործած մեքենայությունների մեղադրանքով:
Հիշեցնենք, որ Տիմոշենկոյին գազային գործով արդեն մեղադրել էին, եւ նա բանտում է: Նրա կրկնակի ձերբակալման հարցը քննարկվել է հենց նախկին վարչապետի մենախցում, դատարանի արտահերթ նիստում եւ տեւել է 12 ժամ: Դատարանն ինքն է բանտ եկել Յուլիա Տիմոշենկոյի վատ ինքնազգացողության պատճառով, որը գրեթե ամբողջ ժամանակ գամված է անկողնուն, գրում է utro.ru-ն
Ինչպես լրագրողներին տեղեկացրել է նախկին վարչապետի փաստաբան Սերգեյ Վլասենկոն, իր պաշտպանյալը հինգ անգամ գանգատվել է վատ ինքնազգացողությունից, երկու անգամ բժիշկ են կանչել, բայց դատարանի նիստը չի ընդհատվել:
Արդյունքում դատարանը վճռել է 2 ամսով կրկնակի բանտարկել Տիմոշենկոյին: Վլասենկոյի խոսքով` դատարանը կայացրել է այս վճիռը` զգուշանալով, որ ազատության մեջ գտնվելու դեպքում նախկին վարչապետը կարող է ազդել քննության ընթացքի վրա: Ընդ որում, դատարանն անտեսել է այն փաստը, որ Տիմոշենկոն արդեն իսկ բանտում է:
Հիշեցնենք, ըստ Ուկրաինայի հարկային ծառայության տվյալների` 1990-ական թվականների կեսերին` «Ուկրաինայի միացյալ էներգետիկ համակարգեր» կորպորացիան ղեկավարելու տարիներին, Տիմոշենկոն մեքենայությունների շնորհիվ թաքցրել է 165 մլն դոլար եւ խուսափել է 5,8 մլն դոլարի հարկ վճարելուց:




























