ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները կփորձեն կանխել նախկին պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին գումար վճարելու մեջ Trump Organization-ի ֆինանսական փաստաթղթերը կեղծելու գործով դատավճիռը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ինչպես նշվել է, եթե նախկինում հանրապետական գործչի փաստաբանները զբաղված էին «այս գործով իրավական ընթացակարգերի հետաձգմամբ», ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո նրանք մտադիր են ձգտել չեղարկել դատավճիռը, որն այժմ նախատեսված է նոյեմբերի 26-ին։ Ակնկալվում է, որ նրանք առաջիկա մի քանի օրվա ընթացքում միջնորդություն կներկայացնեն, որում ասվում է, որ «որպես նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ունի նույն սահմանադրական պաշտպանության իրավունքը, ինչ գործող նախագահը»:
CNN-ն ընդգծում է, որ անգամ երդմնակալությունից հետո Թրամփն այս դեպքում չի կարողանա ինքն իրեն ներում շնորհել, քանի որ դա նախաձեռնվել է ոչ թե դաշնային, այլ պետական մակարդակով։
Մայիսի վերջին Թրամփը մեղավոր է ճանաչվել ֆինանսական կեղծիքների գործով բոլոր 34 կետերով։ Նա դարձել է ԱՄՆ պատմության մեջ առաջին նախկին նախագահը, ով երդվյալ ատենակալների կողմից դատապարտվել է հանցագործության համար: ԱՄՆ նախկին նախագահի դեմ հետաքննության պատճառ է դարձել 2018 թվականի հունվարին The Wall Street Journal-ի հրապարակումը։ Ըստ այդմ, 2016 թվականի նախագահական ընտրություններում հանրապետականի հաղթանակից մեկ ամիս առաջ նրա փաստաբան Մայքլ Քոհենը 130 հազար դոլար է վճարել Դենիելսին, որպեսզի վերջինս չհրապարակի մոտ 10 տարի առաջ Թրամփի հետ ունեցած հարաբերությունների մասին տեղեկությունը։
2018 թվականին Քոհենը կանգնել է դատարանի առաջ մի քանի մեղադրանքով, որոնցից մեկը վերաբերում է Թրամփի քարոզարշավի ֆինանսավորման կանոնները խախտելուն, այդ թվում՝ Դենիելսին վճարումներ կատարելուն: Այնուհետ դատախազությունը պահանջներ չի ներկայացրել Թրամփի դեմ՝ վկայակոչելով պետության ղեկավարի անձեռնմխելիությունը։ Այնուամենայնիվ, 2022 թվականի նոյեմբերին Մանհեթենի շրջանային դատախազությունը նոր հետաքննություն է սկսել։
Քննիչների կարծիքով՝ Թրամփը փոխհատուցել է իր փաստաբանին ծախսած գումարը՝ այն ներկայացնելով Trump Organization-ի միջոցով՝ որպես իրավական վճարների փոխհատուցում և պատճառաբանելով գոյություն չունեցող օրինական կանխավճար: 2023 թվականի ապրիլի 4-ին Նյու Յորքի դատարանը մեղադրանք է առաջադրել Թրամփին Դենիելսին վճարումներ կատարելու գործով։



























