7-10 հազար երեխա Գազայի հատվածի հյուսիսում մնացել է առանց պոլիոմիելիտի պատվաստման, քանի որ որոշ շրջաններում հասանելիություն չկա։ Այս մասին տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։
Կազմակերպությունը տեղեկացրել է նոյեմբերի 5-ին ավարտված պատվաստման փուլի մասին։ «Ընդհանուր առմամբ մինչեւ 10 տարեկան 556 774 երեխա ստացել է պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը»,- նշվել է ԱՀԿ հաղորդագրությունում։ Երկրորդ փուլում պատվաստվել է երեխաների 94 տոկոսը, ինչը «նշանակալի ձեռքբերում է՝ հաշվի առնելով բարդ հանգամանքները, որոնցում իրականացվել է պատվաստումը», նշել է կազմակերպությունը։
«Սակայն Գազայի հատվածի հյուսիսում պատվաստումների ընդգրկումը կազմել է մոտ 88 տոկոս,- նշել են ԱՀԿ-ում։- Ըստ գնահատականների՝ 7-10 հազար երեխա անհասանելի շրջաններում՝ Ջաբալիայում, Բեյթ-Լահիայում եւ Բեյթ-Հանունում մնում են չպատվաստված եւ խոցելի պոլիովիրուսի հանդեպ»։ Այս հանգամանքն «ավելացնում է պոլիովիրուսի հետագա տարածման վտանգը Գազայի հատվածում եւ հարեւան երկրներում», ընդգծել են կազմակերպությունում։
Պատվաստման երկրորդ փուլի վերջում պաղեստինյան անկլավում ավարտվել է պոլիոմիելիտի դեմ պատվաստումը, որը մեկնարկել էր 2024թ. սեպտեմբերին։ «Գազայի հատվածում պոլիոմիելիտի շրջանառությունը կանգնեցնելու համար անհրաժեշտ է առնվազեն երկու չափաբաժին եւ պատվաստման առնվազն 90 տոկոսանոց ընդգրկում»,- նշել են ԱՀԿ-ում։ Տարածաշրջանում, ըստ կազմակերպության, կշարունակվեն իմունիտետի բարձրացման միջոցառումները «գործող բուժհաստատություններում պլանային իմունացման միջոցով»։





























