Վայոց Ձորի մարզում կոնֆլիկտ է առաջացել այն հարցի շուրջ, թե ո՞վ պետք է կառուցի փոքր հէկ Արփա գետի Էլեգիս վտակի վրա: «Ալռուբ» ընկերության տնօրեն Անի Աբրահամյանը մեղադրում է Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանին եւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին` ապօրինի կարգով նույն տեղում երկրորդ հէկ կառուցելու նախաձեռնությունների համար: Ա. Աբրահամյանը բաց նամակով դիմել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Նա նշել է, որ Էլեգիս վտակի վրա ՀԷԿ կառուցելու համար դեռեւս 2009 թ. վերջերին Շատինի գյուղապետարանի հետ կնքել է 50 տարվա սերվիտուտի պայմանագիր: Այնուհետեւ ընկերությունը պատվիրել է փոքր ՀԷԿ-ի տեխնիկատնտեսական հիմնավորումը, բնապահպանության նախարարությունից ստացել է դրական բնապահպանական փորձագիտական եզրակացություն: Իսկ այս տարվա սեպտեմբերին ՀՀ կառավարությունն իր որոշմամբ նաեւ փոխել է Շատին գյուղի որոշ հողատարածքների կատեգորիան` նշված հէկ-ը կառուցելու նպատակով: «Ալռուբը» պատրաստվում է նաեւ դիմել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` լիցենզիան ստանալու համար:

Սակայն մեկ այլ ընկերություն` «ՎՏՎ էներջի» անվամբ, կարծես թե առաջ է ընկնում: Նույն վայրում հէկ կառուցելու նպատակով այդ ընկերությունը նույնպես սերվիտուտի պայմանագիր է կնքել գյուղապետարանի հետ, ու արդեն հասցրել է ստանալ բնապահպանության նախարարության դրական փորձագիտական եզրակացությունը: Ըստ Ա. Աբրահամյանի` այդ ընկերությունը հովանավորվում է Վայոց ձորի մարզպետ Ս. Բագրատյանի կողմից:

Ա. Աբրահամյանը պնդում է, որ «ՎՏՎ էներջի»-ի կողմից հէկ կառուցելու դեպքում «Ալռուբն» այլեւս ջրառի հնարավորություն չի ունենա, քանի որ «ՎՏՎ էներջի»-ն իրավունք ունի ջրառ իրականացնել 10 մետր ավելի բարձրությունից:

Ներկայում «Ալռուբը» դատական կարգով վիճարկում է «ՎՏՎ էներջի»-ին տրված բնապահպանական փորձագիտական եզրակացության օրինականությունը: