«Ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հայրապետ Գալստյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքել է մամուլում տեղ գտած լուրերը, որ իրենց կենտրոնը գնել է Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը: «Որպես այդ կենտրոնի տնօրեն եւ հանրապետության գլխավոր ուռուցքաբան, այդ մասին առաջին անգամ լսում եմ ձեզանից»,- նշեց Հայրապետ Գալստյանը: Նրա խոսքով` իրենք, բացի Ուռուցքաբանության կենտրոնից, ուրիշ որեւէ այլ տարածք չունեն եւ մտադիր էլ չեն ունենալ: Իսկ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը գտնվում է Քանաքեռում` իրեն հատկացված տարածքում եւ կանոնավոր կերպով աշխատում է:

«Պետությունը մեզ ֆինանսավորում է, եւ մենք էլ այդ ֆինանսավորման շրջանակներում կարողանում ենք կատարել մեր պարտավորությունները: Մեզ հատկացված գումարները հազիվ բավարարում են եւ մենք գերակատարում ենք մեզ հատկացված գումարները: Ամեն տարի տարեվերջին մենք ունենում ենք ֆինանսական դժվարություններ` հիվանդների բուժումը ռիթմիկ կերպով ապահովելու հարցում: Պետական հատկացումներն ավելի քիչ են, քան` հիվանդները, որոնք կարիք ունեն համալիր բուժման»,- նշեց նա` հավելելով, որ տարեկան իրենց կենտրոնում բուժում է ստանում շուրջ 10 հազար հիվանդ, պոլիկլինկայում այցելությունների թիվը գերազանցում է 24 հազարը, մինչդեռ կենտրոնի տարեկան բյուջեն կազմում է 810 միլիոն դրամ: «Մենք փող չունենք հիվանդներին դեղով ապահովել, էլ ուր մնաց 5,600, 000,0 հազար դրամ հատկացնենք այլ տարածքներ գնելու համար»:

Նշենք, որ «Առավոտը» գրել էր, որ  արդեն մի քանի օր է, ինչ խոսվում է Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը վաճառելու մասին: «Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը նրանց հարցերի պատասխանը գտնելու համար խորհուրդ տվեց ծանոթանալ կառավարության այս տարվա 831/Ն որոշմանը: Ըստ այդ որոշման` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի  զբաղեցրած` Երեւան Արշակունյաց-2 հասցեում գտնվող 6355 քառ. մետր ընդհանուր մակերեսով համալիրն ու 1.7 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածքը գնահատվել են ոչ պակաս, քան 5,600, 000,0 հազար դրամ: Գնորդը, պարզվեց, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Բ. Ֆանարջյան-76 հասցեում գտնվող «Ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն է»,- գրել է թերթը: