«Ժառանգության» համար կարեւոր չէ, թե ով է առաջ քաշել  կառավարությանն անվստահություն հայտնելու գաղափարը: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 9-ին, լրագրողներին հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Նա հիշեցրել է, որ «Ժառանգությունը» կողմ է քվեարկել կառավարությանն անվստահություն հայտնելուն եւ անհրաժեշտության դեպքում կմասնակցի պատգամավորական ստորագրություններ հավաքելու գործընթացին` նախաձեռնությունը Սահմանադրական դատարան ուղարկելու համար:

Հիշեցնենք, որ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը ներկայացվել է խորհրդարանական նախորդ քառօրյայի ընթացքում` ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի կողմից: Ըստ նրա` որպես

հիմնավորում կարող է ծառայել բնակչության հիմնական մասի սոցիալական ծանր վիճակը, կառավարության կողմից սոցիալական ուղղվածություն ունեցող որեւէ տեսանելի քայլի բացակայությունը:

Նախաձեռնությունը քվեարկության էր դրվել եւ մերժվել 48 դեմ ձայնով: «Կողմ»  են քվեարկել 13 պատգամավորներ, որոնցից 11-ը դահլիճում ներկա դաշնակցական պատգամավորներ են եղել, 2-ը`  «Ժառանգություն»  կուսակցության անդամներ: 4 պատգամավոր ձեռնպահ են մնացել:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն աշնանային նստաշրջանի ընթացքում առաջարկել էր նվազագույն աշխատավարձը 32,5 հազար դրամից հասցնել նվազագույն սպառողական զամբյուղի չափին` 63 հազար դրամ, դարձնելու նախաձեռնություն էր առաջ քաշել, որը, սակայն, մերժվել էր կառավարության կողմից: Դաշնակցության բացասական վերաբերմունքի պատճառը կառավարության հենց այդ կտրուկ մերժումն է դարձել: