Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հարաբերությունները նորմալ, աշխատանքային բնույթի են: Այս մասին այսօր` դեկտեմբերի 9-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեղամ Ղարիբջանյանը` անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, թե իր եւ ԱԺ նախագահի հարաբերությունները մեղմ ասած բարի դրացիական չեն եւ շուտով Նիկոյանը նրան կհանի աշխատանքից:
«Առայժմ նման մտադրություններ չկան, ես շարունակում եմ այն գործը, որն ինձ վստահված է: Ես շարունակում եմ նորմալ ապահովել խորհրդարանի աշխատակազմի աշխատանքը»,- ասաց նա` հավելելով, որ 1995թ իր դիմումի համաձայն` հրաժարվել է Սոցապ փոխնախարարի պաշտոնից` ընտրություններին մասնակցելու նպատակով, եւ եթե այժմ էլ նման բան լինի, անպայման տեղյակ կպահի: Նա նշեց, որ Սամվել Նիկոյանը աշխատակազմի հետ ժողով չի արել, իսկ նախընտրական ելույթում բարձրացրած խնդիրները նա իր աշխատակիցների հետ խորհրդակցությանը հնչեցրել է եւ առաջարկել շտկել:
Նշենք, որ «Երկիրը» գրել էր, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը մինչեւ իր ընտրությունն ունեցած ելույթում անդրադարձել էր նաեւ ԱԺ աշխատակազմի գործունեությանը` մասնավորապես աշխատակազմ-պառլամենտ հարաբերություններին: «Կարծես թե մեզ մոտ ձեւավորվել է թյուր տպավորություն, որը ոչ թե աշխատակազմն է սպասարկում պատգամավորների աշխատանքը, այլ հակառակը: Այստեղ մենք ունենք անելիքներ»,- իր ելույթում ասել էր Սամվել Նիկոյանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սամվել Նիկոյանի եւ ԱԺ աշխատակզմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի հարաբերությունները, մեղմ ասած, «բարի դրացիական» չեն, կարելի է ենթադրել, որ նրա այդ խոսքերը հենց Ղարիբջանյանին էին ուղղված եւ շուտով խորհրդարանում հերթական պաշտոնանկությունը տեղի կունենա: Չնայած Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո Գեղամ Ղարիբջանյանը հայտարարել էր, թե «ինքը մնայուն արժեք է» եւ չի պատրաստվում հեռանալ, սակայն Սամվել Նիկոյանի հետ նա, ամենայն հավանականությամբ, չի կարողանան աշխատել:




























