Հայաստանի կառավարությունը չպետք է մոռանա 4-5 տարի առաջ տված խոստումների մասին, դեկտեմբերի 9-ին, լրագրողներին ասել է Հայաստանի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ, պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Այն դեպքում, երբ կառավարությունն օբյեկտիվ կամ սուբյելտիվ պատճառներով ի վիճակի չի լինում իրագործել իր առջեւ դրված ծրագրերը, պետք է վայր դնի լիազորությունները: Պետք է նոր կառավարություն ձեւավորվի, թեկուզ` նույն կազմով, նոր ծրագիր մշակվի, որը համապատասխան կլինի առկա իրադրությանը», - ասել է Մինասյանը:
Երկու անգամ կառավարությանն անվստահության քվե տալու նախաձեռնությունը խորհրդարանում մերժվել է իշխող կոալիցիայի կողմից, սակայն, վեջիվերջո, մտցվել է օրակագ: «Մեզ համար կարեւոր է, որ կառավարությունը նախկինում տված խոստումների կատարման պատասխանատվության զգացում ունենա: Չի կարելի ինչ-որ բան խոստանալ, իսկ 4-5 տարի հետո բարեհաջող կերպով մոռացության մատնել»,- հավելել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ Դաշնակցության քննադատությունը հիմնականում վերաբերում է 2009-2011թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի դրույթների այդպես էլ չիրագործված մնալուն:
Համաձայն ծրագրի` սոցիալական ապահովությանն ուղղված ծախսերը 2011թ. պետք է կազմեին 331 մլրդ դրամ, կրթությանը` 169 մլրդ, առողջապահությանը` 102 մլրդ (2008թ. միջին փոխարժեքով, երբ ծրագիրն ընդունվել էր, համապատասխանաբար, 1081, 552 եւ 333 մլն ԱՄՆ դոլար): Սակայն 2012թ. այս ոլորտներին կհատկացվի, համապատասխանաբար, 304, 108 եւ 64 մլրդ դրամ (ներկայիս փոխարժեքով` 793, 282 եւ 167 մլն ԱՄՆ դոլար):




























