Լիբանանի իշխանությունները հպարտ են ծագումով հայ լիբանանցիների առանձնահատուկ ավանդի համար, որ ներդրել են երկրի քաղաքական, տնտեսական, հասարակական եւ մշակութային կյանքում: Այդ մասին, այսօր` դեկտեմբերի 9-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը: Նա նշեց, որ հայերն իրենց դիրքի եւ արժեքների շնորհիվ դաստիարակվել են Լիբանանում առկա համակարգերի, երկրի կառավարման գործում` ժողովրդավարության շրջանակներում, որը նպաստում է հայ համայնքի արդյունավետ գործունեությանը: «Կարեւորում եմ այն ջանքերը, որոնք ուղղված են երկխոսության մշակույթի ամրապնդմանը եւ համատեղ գոյակցությանը»,- նշեց նա:

Նախագահի հետ հանդիպման ընթացքում ընդգծվել է համագործակցության  եւ համակարգման երկկողմանի անհրաժեշտությունը եւ միջազգային մակարդակով ահաբեկչության վտանգի դեմ պայքարելու անհրաժեշտությունը:

Լիբանանի նախագահը նաեւ վստահություն հայտնեց, որ մինչ հայ ժողովուրդը նշում է անկախության 20-ամյակը, Լիբանանը կանգնած է Հայաստանի կողքին եւ աջակցում է նրան պետության կառուցման գործում` անկախության, ինքիշխանության եւ զարգացման իրավունքի հիման վրա: «Հայաստանի նախագահի հետ հանդիպման արդյունքում ես նշեցի, որ Լիբանանը կարեւորում է Հայաստանում կայունությունը. խաղաղությունը եւ զարգացումը դիվանագիտական նպատակով, խաղաղ ճանապարհով այն խնդիրների, որոնք խոչընդոտում են նորմալ հարաբերությունների զարգացումը հարեւան երկրների հետ, հատկապես` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Այս տարածշրջանը պետք է դառնա  քաղաքակրթությունների միացման կամուրջ, ոչ թե բաժանարար գիծ նրանց միջեւ»,- նշեց նա: