Լիբանանը շնորհակալ է Հայաստանին` Լիբանանին ցուցաբերած մշտական աջակցության եւ այդ երկրի արդարացի խնդիրները միջազգային ասպարեզում պաշտպանելու համար: Այս մասին այսօր` դեկտեմբերի 9-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը` ընդգծելով, որ հատկապես շնորհակալ է Հայաստանին Լիբանանի այն ջանքերի համար, որոնք կապված են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի բոլոր դրույթների կատարմանը` իսրայելական ոտնձգություններն ու խախտումները Լիբանանի իշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանելու համար:

Լիբանանի նախագահը նաեւ նշեց, որ երկու երկրների նախագահների բանակցության ընթացքում տիրել է բարեկամական եւ փոխըմբռնման մթնոլորտ, որը ամրապնդեց լիբանանցիների եւ հայերի դարավոր բարեկամական հարաբերությունները:  Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների եւ ժողովուրդների առկա բարեկամական եւ համագործակցական հարաբերություններն  ամրապնդելու ուղղությունները, ինչպես նաեւ ներկայիս միջազգային եւ տարածշրջանային զարգացումները: Նա նաեւ կարեւորեց այսօր ստորագրված համագործակցության փաստաթղթերը`  նշելով, որ ստորագրվել են համաձայնագրեր, փոխըմբռնման հուշագրեր եւ գործնական ծրագրեր` տնտեսական,  մանկական, մշակութային, կրթական, շրջակա միջավայրի եւ զբոսաշրջության բնագավառում համագործակցության վերաբերյալ:

Նա նաեւ շնորհակալություն հայտնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` Հայաստան այցելության ժամանակ առանձնահատուկ եւ ջերմ վերաբերմունքի համար: Նա նշեց, որ հրավիրել է Հայաստանի նախագահին Լիբանան եւ ակնկալում է, որ Սերժ Սարգսյանը կլինի Լիբանանում մոտ ապագայում: