Իսրայելի ռազմավարական զարգացման նախարար Ռոն Դերմերը կիրակի հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ Մար-ա-Լագոյում (ֆլորիդայի նահանգ)։ Այս մասին տեղեկացրել է Axios պորտալը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Աղբյուրներից մեկի համաձայն՝ իսրայելցի նախարարի այցի նպատակը հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի ուղերձների հանձնումն էր Դոնալդ Թրամփին։

Դերմերը հանդիպման ընթացքում նաեւ փորձել է պարզել, թե ինչ հարցերի կցանկանար նոր նախագահն անդրադառնալ մինչեւ երդմնակալությունը եւ ինչ խնդիրներ կնախընտրեր հետաձգել մինչեւ պաշտոնն ստանձնելը, պորտալին տեղեկացրել է ամերիկացի պաշտոնյան։ Թեմաների շարքում, որոնք իսրայելական կողմը կցանկանար քննարկել Թրամփի հետ, Axios-ի աղբյուրները հիշատակել են իրավիճակի կարգավորումը Լիբանանում, Գազայի վերաբերյալ պլանը ռազմական գործողությունների ավարտից հետո, ինչպես նաեւ հրեական պետության եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ջանքերը։

Նշվել է, որ Իսրայելի վարչապետը նախապես տեղեկացրել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին Թրամփի հետ Դերմերի հանդիպման մասին։