Չինաստանի արդիականացումն էականորեն ազդել է նոր աշխարհակարգի ձեւավորման գործընթացների վրա, փոխել համաշխարհային տնտեսության կառուցվածքը եւ գլոբալիզացիայի ընթացքը։ Հնարավոր չէ այսօր հասկանալ Հայաստանի շուրջ առկա արտաքին քաղաքական միջավայրը, դրա վերաձեւակերպման միտումներն առանց ըմբռնելու դրա վրա Չինաստանի աճող ազդեցությունը։ Այս մասին նոյեմբերի 12-ին «Չինասանի արդիականացումը. հայ-չինական հարաբերություններ» կոնֆերանսում ասել է Չինաստանում ՀՀ դեսպան Վահե Գեւորգյանը։
Նրա խոսքով՝ Չինաստանի արդիականացման ուսումնասիրությունը կարող է բազմաթիվ լավ փորձառություններ տրամադրել Հայաստանի պետական ինստիտուտներին եւ հասարակությանը։
Հասկանալի է, որ մեկ համաժողովի շրջանակներում հնարավոր չէ անգամ նախանշել ուսումնասիրության ամբողջական շրջանակը։ Այնուհանդերձ, կարելի է հայ եւ չինացի գիտնականների միջեւ հաստատել փոխըմբռնում քննարկումների այս օրակարգով առաջ շարժվելու շուրջ։
Ցավոք սրտի, ներկա ձեւաչափով ես չեմ կարող ակտիվորեն մասնակցել ձեր քննարկումներին, սակայն ձեր թույլտվությամբ կուզենայի մի քանի հարցադրումներ ներկայացնել, որոնց դուք կարող եք անդրադառնալ ուղղակի կամ անուղղակի քննարկումների ընթացքում։
Առաջին, խոսելով հայ-չինական հարաբերությունների վրա Չինաստանի արդիականացման ազդեցության մասին, դժվար է գերագնահատել Գոտի եւ Ճանապարհ չինական նախաձեռնության շրջանակներում համագործակցության հնարավորությունները։ Նմանապես, Հայաստանի կողմից շրջանառված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն առաջ է քաշում փոխկապակցվածության ծրագրերին Հայաստանի մասնակցության մոտեցումները, որոնք ամբողջովին հիմնված են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, ինչպես օրինակ պետությունների ինքնիշխանության, իրավահավասարության եւ տարածքային ամբողջականության սկզբունքները։ Որքանո՞վ են համահունչ փոխկապակցվածության ծրագրերի շուրջ Հայաստանի եւ Չինաստանի մոտեցումները եւ ո՞ր ոլորտներում է հնարավոր ակնկալել լայնածավալ համագործակցություն։
Երկրորդ, Չինաստանի արդիականացումը զգալիորեն փոխել է համաշխարհային տնտեսության կառուցվածքը։ Սառը պատերազմի ավարտից հետո գլոբալիզացիան համարվում էր արեւմտյան նախագիծ եւ հիմնվում էր նաեւ տնտեսության մեջ պետության սահմանափակ ներգրավման սկզբունքի վրա։
Բոլոր այն ուժերը, որոնք ընդդիմանում էին գլոբալիզացիային, ընդդիմանում էին Արեւմուտքին։ Նրանք դիտարկում էին գլոբալիզացիան՝ որպես սեփական ինքնությանն ուղղված մարտահրավեր՝ առանց առաջարկելու այլ մոդել համաշխարհային գործընթացների զարգացման համար ։
Չինաստանի արդիականացումը տեղի ունեցավ նաեւ հետսառըպատերազմյան գլոբալիզացիայի շնորհիվ, սակայն այն էականորեն տարբերվում է արեւմտյան մոդելից՝ նախ եւ առաջ տնտեսության եւ հասարակական այլ ոլորտներում պետության ներգրավման մասով։ Այսօր նույնպես Չինաստանը հանդես է գալիս գլոբալիզացիայի ջատագովի դիրքերից եւ առաջ է քաշել դրա սեփական բանաեւևը՝ նոր դարաշրջանում միասնական ճակատագրի մարդկության թեզի տեսքով։ Այս տեսակետից կարեւոր է ըմբռնել՝ արդյոք գիտական համայնքը համարում է, որ առաջանում են համաշխարհային զարգացման տարբեր մոդելներ՝ արեւմտյան եւ չինական, եւ որն է լինելու այդ մոդելների դերը նոր աշխարհակարգի ձեւավորման գործում, ամփոփել է դեսպանը։





























