Գազայի 1,95 մլն բնակիչների առնվազն 91%-ը կամ մոտ 1,76 մլն մարդ կանգնած է պարենային անապահովության հետ: Այս մասին հայտնում է Պաղեստինի օկուպացված տարածքներում հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA):

Գրասենյակի փոխանցմամբ՝ 876 հազար մարդ բախվել է սննդամթերքի սուր պակասի ծայրահեղ մակարդակի (չորրորդ փուլ պարենային անվտանգության փուլերի ինտեգրված դասակարգման սանդղակով): Եվս 345 հազար մարդ ապրում է սննդի աղետալի դեֆիցիտի պայմաններում՝ վերը նշված սանդղակի վերջին՝ հինգերորդ փուլը, որը վկայում է այն մասին, որ մարդիկ ուտելու ոչինչ չունեն, և նրանք հիվանդանում են ու մահանում թերսնումից։

Ինչպես նշում է կազմակերպությունը, անկլավը բախվում է պարենային անվտանգության շատ բարդ իրավիճակի, քանի որ ռազմական գործողությունների հետևանքով վնասվել է գյուղատնտեսական հողերի երկու երրորդը, ոչնչացվել է ձկնորսական նավատորմի մոտ 70%-ը։