Հայաստանի ամենաերկար կամուրջը (Նոր Հաճնի մուտքի՝ 640 մետր երկարությամբ Հրազդան գետի վրայով անցնող մետաղյա կամուրջը - խմբ.) առաջին անգամ է հիմնանորոգվում նման մասշտաբով։ Դրա մասին նոյեմբերի 13-ին ՀՀ խորհրդարանում կառավարության ժամին հայտարարել է երկրի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Լրջագույն խնդիրներ են առաջացել և հիմնանորոգման աշխատանքներ են պահանջվել, որոնք նախատեսվում է ավարտել 2025 թվականի գարնանը»,-նշել է նա։

Սանոսյանը չի բացառել, որ մինչև տարեվերջ կամրջի երթևեկությունը մասամբ կվերականգնվի։

«Հայաստանում չկան մասնագետներ, որոնք գոնե մեկ անգամ իրականացրել են այժմ կատարվող աշխատանքները։ Մենք ցանկանում էինք կամուրջն ավելի վաղ վերանորոգել, սակայն այդ աշխատանքներն իրականացնելու ունակ տեղական ընկերություն գտնելու հարցում դժվարություններ կային»,- նշել է նախարարը։