Գյումրիում տեղի ունեցածը քաղաքական անպատասխանատվության կոնկրետ դրսեւորում է, այսօր Գյումրիում անգամ գործող քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար չկա: Այս մասին նոյեմբերի 13-ին Հայաստանի խորհրդարանում կառավարության ժամին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արդար ու ազատ ընտրությունների արդյունքում մարդիկ մանդատ են ստացել ու քաղաքը կառավարելու հայտ են ներկայացրել, իսկ հիմա իրենց գործողություններով ճգնաժամ են ստեղծել Գյումրիում։ Այս մարդիկ վնաս են հասցրել Գյումրիին, գյումրեցիներին, Հայաստանին։

Կարելի է նաեւ հեռանալ, բայց կարող եք դա անել այնպես, որ, օրինակ, աղբահանության հետ կապված խնդիրներ չլինեն։ Հայտարարությունները, թե իրենք իրենց մանդատները վայր են դրել (Բալասանյան դաշինք խմբակցության անդամները-խմբ.) իշխանությունների ճնշումների արդյունքում, բացարձակ սուտ են։

Ընդհակառակը, արտոնություններ ձեռք բերելու կամ պահպանելու համար փորձ է արվել շանտաժի ենթարկել իշխանություններին, թեև այդ շանտաժը ի սկզբանե դատապարտված էր»,- նշեց ՀՀ վարչապետը։

Նա ասաց, որ գտնվել է լուծում, որով աշխատողները (Գյումրու քաղաքապետարանի և քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող վարչությունների) հնարավորինս արագ աշխատավարձ կստանան։

Փաշինյանը վստահեցրեց, որ Գյումրիում ամանորյա նորածառ կկանգնեցվի: