«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ցուցակում եւ ընդհանուր ճակատում առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի լինելու որեւէ մեկը, որը հանցավոր անցյալ ունենա կամ զբաղված լինի ոչ ցանկալի գործունեությամբ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

«Դա հստակ կարող եմ ասել: Ինչ վերաբերում է այն հարցին, թե հստակեցվել է արդյոք, թե ինչ ցուցակով ենք ներկայանալու խորհրդարանական ընտրություններին, ապա չեմ կարծում, որ որեւէ, քաղաքական ուժ այս պահին հստակեցրել է, թե ինչ ցուցակով է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Հատկապես այն դեպքում, երբ դա ամենօրյա գործընթաց է եւ, կարծում եմ, որ առաջիկայում ամեն մեկը իր համար կհստակեցնի»,- հավելեց Խաչատուր Քոքոբելյանը:

Հարցին, թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ինչպես է դիմագրավելու մրցակցությանը, Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց, որ առաջին հերթին ամեն ինչ անելու են, որ մրցակցություն ապահովվեն Հայաստանում:«Որպեսզի Հայաստանի սովորական քաղաքացին էլ հնարավորություն ունենա իրացնել իր մտքերը, իր մոտեցումները: Եւ մենք փորձելու ենք դառնալ այն հարթակը, որի միջոցով, թե հանրային սեկտորը, թե սովորական քաղաքացին, որը ներգրավված չէ որեւէ քաղաքական կուսակցության կամ ուժի մեջ, հնարավորություն ունենա իր մոտեցումները տեղ հասցնել»:

Խաչատուր Քոքոբելյանը առաջիկա ընտրություններում մրցակից է համարում բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում նաեւ Հայ ազգային կոնգրեսին:

«Ազատ դեմոկրատներ»-ի նախագահը նաեւ հայտնեց, որ կուսակցությունն այս պահին ունի շուրջ 3500 անդամ: