Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին վստահեցրել է, որ Թեհրանը չի հրաժարվել իսրայելական ռեժիմի վերջին ագրեսիայի առնչությամբ պատասխան միջոցներ ձեռնարկելու իր իրավունքից՝ ընդգծելով, որ համապատասխան արձագանքը կհետևի ժամանակին, գրում է Tasnim-ը։
Երկուշաբթի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարության շտաբի հրամանատարների և անձնակազմի հետ տեսակոնֆերանսում Աբբաս Արաղչին ընդգծել է վերջին 12 ամիսների ընթացքում նախարարության կշռադատված քաղաքականությունը:
Պատասխանելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարության հարցին՝ «Ճշմարիտ խոստում III» գործողության ժամկետների մասին՝ ի պատասխան հոկտեմբերի 26-ին Իրանին հասցված իսրայելական հարվածի, Արաղչին նշել է, որ Իրանի ԱԳՆ-ն հասկացրել է, որ Իսրայելի գործողությունը ագրեսիայի նոր ակտ է:
Նա հայտարարել է, որ իսրայելական նման ագրեսիայի գործողությունը պահանջում է Իրանի պատասխանը։
«Մենք չենք հրաժարվել արձագանքելու մեր իրավունքից (Իսրայելի առնչությամբ) և կարձագանքենք ժամանակին և այնպես, ինչպես նպատակահարմար կհամարենք»,-շեշտել է Իրանի արտգործնախարարը։
Նա ընդգծել է, որ Իրանի ԱԳՆ-ն երբեք զգացմունքային որոշումներ չի ընդունի:
Միևնույն ժամանակ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանն արդեն տվել է պատասխան՝ «հաշվի առնելով բոլոր պայմաններն ու հավանականությունները, ինչպես նաև դավադրությունները, որոնք կարող էին ծրագրված լինել Իրանի դեմ»՝ կանխելու պատերազմի տարածումը։
«Պատասխանը պետք է տրվի: Հակառակորդի հաշվարկներըն անհրաեշտ է կառավարել, և մենք չպետք է թույլ տանք, որ թշնամին գա այն եզրակացության, թե կարող է հարվածել Իրանին առանց որևէ արձագանքի»,-հայտարարել է Արաղչին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներին՝ վստահեցնելով, որ Իսրայելին պատշաճ պատասխան կտրվի զգուշությամբ, մի բան, որը ներկայում գերիշխող է իրանական իսթեբլիշմենտի վերին օղակներում։





























