Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Երեւանում տեղի ունեցավ «Ամերիա» բանկ ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ բարձրաստիճան այլ անձինք։
«Ամերիա» բանկ ՓԲԸ տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, պատասխանելով լրագողների հարցերին, չհստակեցրեց, թե որքան գումար է ծախսվել գրասենյակի կառուցման համար, միայն նշեց, որ խոսքը մեծ գումարների մասին է։ «Հսկայական միջոցներ են ծախսվել հատկապես նորագույն տեխնոլոգիաների ներդրման համար, որոնք կապահովեն բանկի անվտանգությունը, հաճախորդների արագ սպասարկումը եւ այլն»,- նշեց նա եւ հավելեց, թե այս պահի դրությամբ իրենց շահույթը 1,1 մլրդ դրամ է կազմում, սակայն ակնկալվում է, որ մինչեւ տարվա վերջ այն կհասնի 1,4 մլրդ դրամի, իսկ վարկային պորտֆելը աճել է 40 տոկոսով եւ հասել 46 մլրդ դրամի։
Անդրադառնալով հաճախորդներին մատուցվող ծառայություններին՝ Ա. Հանեսյանը նշեց, որ հաջորդ տարվանից սկսած՝ «Ամերիա» բանկը սկսելու է վարկեր տրամադրել փոքր եւ միջին բիզնեսի զարգացման նպատակներով, գործի է դնելու ակտիվների կառավարման նոր գործառույթներ։ «Մենք ամենասուղ պահերին՝ անգամ ապրիլ-մայիս ամիսներին, չենք դադարեցրել վարկերի տրամադրումը եւ տրամադրելու ենք նաեւ սրանից հետո»,- ավելացրեց նա։
Բանկի տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Ռուբեն Վարդանյանն իր հերթին նշեց, որ «Ամերիա» բանկը չի հանդիսանում «Տրոյկա-Դիալոգ»-ի դուստր ձեռնարկություն եւ անկախ ֆինանսական ինստիտուտ է, որն ունի իր ծրագրային քաղաքականությունը։ Լրագրողներից մեկի հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք «Ամերիա» բանկը այլ բանկերի սեփականատեր դառնալ, Ռ. Վարդանյանն ակնարկեց, որ դա հեռու չէ իրականությունից եւ նշեց, որ, ամեն դեպքում, չի կարող բացել բոլոր գաղտնիքները։ Նրա կարծիքով, շուտով ականատես կլինենք բանկերի թվի կրճատման։



























