Վենեսուելայի անվտանգության ուժերի զինված աշխատակիցները շրջափակել են Կարակասում Արգենտինայի դեսպանատունը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով երկրի ընդդիմությանը։
Նշվում է, որ դեսպանատանը ներկայումս ընդդիմության վեց ներկայացուցիչ է գտնվում, որոնք այնտեղ են պատսպարվել՝ հուլիսին նշանակված նախագահական ընտրություններից առաջ Վենեսուելայի իշխանությունների բռնաճնշումներից փրկվելու համար։
Պեդրո Ուրուչուրտուն, որը մարտից գտնվում է դեսպանատանը և ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի միջազգային համակարգողն է, շաբաթ օրը X կայքում գրել է, որ ազգային ոստիկանության զինված աշխատակիցները փակել են դեսպանատան շրջակայքի փողոցները: Ըստ նրա, դեսպանատան վրայով անօդաչուներ են սավառնում, իսկ հեռախոսային կապն ընդհատվել է։
Դեսպանատանը բնակվող մեկ այլ ընդդիմադիր գործիչ՝ Օմար Գոնսալեսը, տեսանյութ է հրապարակել X-ում, որտեղ երևում են դիվանագիտական շենքի մոտ գտնվող Վենեսուելայի ոստիկանները:
Վենեսուելայի նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթել է երկրի ներկայիս ղեկավար Նիկոլաս Մադուրոն, սակայն ընդդիմությունը հայտարարել է սեփական հաղթանակի և ընտրությունների արդյունքների կեղծման մասին։ ԱՄՆ-ն աջակցել է վենեսուելական ընդդիմությանը.
Այս տարվա սեպտեմբերին Արգենտինայի արտաքին գործերի նախարարությունը Միջազգային քրեական դատարանին խնդրեց կալանքի թույլտվություն տալ Նիկոլաս Մադուրոյի և պետական այլ բարձրաստիճան պաշտոնյաների համար՝ հուլիսյան ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված:
Իրավիճակը սրվեց, երբ ԱՄՆ-ն Բուենոս Այրեսում առգրավեց վենեսուելական ինքնաթիռը։ Ի պատասխան՝ Վենեսուելայի գլխավոր դատախազությունը պահանջել է Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլիի կալանավորման թույլտվություն տրամադրել։




























