Ռուսաստանը նախատեսում է Գաբալայի (Ադրբեջան) նորագույն ռադիոտեղորոշիչ «Վորոնեժ-ՎՊ» կայանի շինարարությունն ավարտել 2019 թվականին: Կայանը փոխարինելու կգա նախորդ սերնդի «Դարյալ» կայանին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է «Ակադեմիկոս Ա.Լ. Մինցի անվան ռադիոտեխնիկական ինստիտուտ» ԲԲԸ-ի տնօրեն Վլադիմիր Սավչենկոն:
Սավչենկոն հայտարարել է, որ ծրագրված է կայանը գործարկել 2017-2019թթ., բայց դրա իրագործումը կախված է «հարեւանների բարի կամքից. վերջնական պայմանավորվածությունները ձեռք կբերվեն քաղաքական մակարդակով»:
Նա նաեւ հստակեցրել է, որ հին կայանը չի ապամոնտաժվի, քանի որ Ադրբեջանի սեփականությունն է: Նոր կառուցվող կայանը Ռուսաստանի սեփականությունը կլինի: Ընդ որում` այն մոդուլային կլինի, այսինքն` «ցանկացած ժամանակ հնարավոր կլինի ապամոնտաժել եւ մեկ այլ տեղում հավաքել»:
Հիշեցնենք, ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը նոյեմբերին հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր է ամբողջությամբ մոդեռնիզացնել Ադրբեջանում գտնվող Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը եւ փոքրացնել դրա համար վարձակալվող տարածքը: Սերդյուկովի խոսքով` կայանը կկառուցվի Ռուսաստանի գործարանում եւ կտեղափոխվի Գաբալա:
Բաքուն կայանի տեղակայման մի շարք պայմաններ է առաջադրել. այն պահանջում է ավելացնել վարձակալության արժեքը եւ կայանում աշխատող ադրբեջանցիների քանակը, նաեւ տեղի բնակիչներին հանձնել ավանի հիմնական ծաառայությունների սպասարկումը` սնունդ, առեւտուր եւ այլն:
Սերդյուկովի խոսքով` Ռուսաստանը շահագրգռված է նախկին արժեքի պահպանման հարցում: Կայանը ամբողջությամբ կվերակառուցվի, նրա նոր տեսքի համար հաղորդուղիների մեծ ծավալ չի պահանջվի:




























