«Դմիտրի Անատոլեւիչ, ես Ձեզ եւ ձեր համերկրացուն, ով հաջորդ 12 տարին լինելու է այդ դժբախտ երկրի նախագահը, մեկ հարց ունեմ. Դուք երբեմն չե՞ք ամաչում»,-նման հարց-մեկնաբանություն է արված Facebook-ում, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի գրառման տակ:

Հիշեցնենք, որ Մեդվեդեւի գրառումը վերաբերում էր Մոսկվայում Բոլոտնայա հրապարակում տեղի ունեցած ռուսական ընդդիմության բողոքի հանրահավաքին: «Ես համաձայն չեմ ոչ կարգախոսների, ոչ հայտարարությունների հետ, որոնք հնչել են հանրահավաքում»,- գրել էր Մեդվեդեւը, միաժամանակ խոստանալով հետաքննել Պետդումայի ընտրությունների ժամանակ տեղ գտած բոլոր խախտումները:

Մեդվեդեւի այդ գրառումը լուրջ արձագանք էր գտել սոցիալական ցանցելորւմ: Դեկտեմբերի 12-ի ժամը 10:18-ի (Երեւանի ժամանակով) դրությամբ, Մեդվեդեւի գրառումը հավանել էր 3,396 օգտագործող, եւս 9613 օգտագործող մեկնաբանել էր այդ գրառումը, իսկ 500 հազար մարդ տարածել էր այն, հաղորդում է BFM.RU-ն:

Գործող իշխանության հակառակորդները կոչ են անում նախագահին «խղճալ երկրին եւ իր շեֆի հետ միասին հրաժարական տալ», ինչպես նաեւ «ժողովրդին վերադարձնել ընտրելու հնարավորությունը»:

Նախագահ Մեդվեդեւի կողմնակիցները չեն վիճում իրենց ընդդիմախոսների հետ, այլ միայն վիրավորանքներ ու հայհոյանքներ են գրում նրանց հասցեին: Այսպես, մեկնաբանություններից մեկում ասվում է. «Ըստ վիճակագրության, բլոգոսֆերայի ամենակտիվ մասնակիցները, դրանք նույնասեռական տղամարդիկ են», իսկ մյուսն էլ հավելել է. «Ամերիկյան ոչխարների վրա ուշադրություն մի դարձրեք»: